Մատչելի հղումներ

Ջո Բայդենը սկսել է քվեարկության մասին օրենքները բարեփոխելուն ուղղված արշավ


ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքն այս երկրի ժողովրդավարության ծննդավայրն է: Այստեղ է ստորագրվել Անկախության հռչակագիրը, այստեղ է գտնվում Ազատության զանգը: Հենց այս քաղաքն է ընտրել երկրի նախագահ Ջո Բայդենը, քվեարկության օրենքները բարեփոխելու արշավի սկիզբ:

‘’Կոնգրեսում, նահանգներում ու քաղաքներում հանրապետական իմ բարեկամներին խնդրում եմ հանուն Աստծո հրաժարվել ընտրությունները եւ քվեարկելու սուրբ իրավունքը վնասելու կենտրոնացված ջանքերից: Միթե՞ ամոթ չեք զգում’’, հայտարարել է Բայդենը, որը դեմոկրատներին էլ կոչ է անում միավորվել ու պայքարել:

Հիշեցնենք, որ ընտրությունների մասին օրենքի փոփոխության նախագիծը մերժում էր ստացել հանրապետականների կողմից հունիս ամսին:

ԱՄՆ-ում ոչ թե դաշնային կառավարությունը, այլ նահանգներն իրենք են որոշում, թե ինչ կարգով են ամերիկացիները քվեարկելու եւ թե ինչպես են քվեները հաշվելու: Այս տարի տասնյոթ նահանգներում հանրապետական մեծամասնությամբ օրենսդրական մարմիններն ընդունել են նահանգային օրենքներ, որոնք ըստ դեմոկրատների, դժվարություններ կհարուցեն ընտրողներին, մասնավորապես փոքրամասնություններին:

Դեմոկրատ օրենսդիրները երկուշաբթի օրը նույնիսկ լքել էին Թեքսասի օրենսդիր մարմնի նիստերի դահլիճը:

Հանրապետականները պնդում են, թե ընդունում են օրենքներ, որոնց նպատակն ընտրություններում կեղծիքները խոչընդոտելն է:

Նման խոսակցությունները լարել են հանրապետականների ու դեմոկրատների միջեւ հարաբերությունները: Վերջերս անցկացված Մոնմոնթի համալսարանի հարցումների համաձայն, մարդկանց 32 տոկոսը վստահ է, որ Բայդենը հաղթել է ընտրություններում կեղծիքներ թույլ տալու պատճառով:

Հանրապետականների շրջանում դեռեւս տարածվում է այն կարծիքն ու համոզմունքը, որ Դոնալդ Թրամփը հաղթել էր ընտրություններում: Այդ համոզմունքն էր, որ դարձավ պատճառ հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ հարձակում իրականացնելու համար:

Իսկ Ֆիլադելֆիայում նախագահ Ջո Բայդենի ելույթը կարծես թե ազդարարում է քվեարկելու հարցում առկա սահմանափակումները կրճատելու դեմ ուղղված առաջին քայլը:

XS
SM
MD
LG