Մատչելի հղումներ

Կուբացի-ամերիկացիները միանում են Կուբայում ընթացող բողոքի ալիքին


Այս օրերին Կուբայում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք իրենց ծավալով ամենամարդաշատն են անցած տասնամյակի ընթացքում անցկացված բոլոր ցույցերի համեմատ: Նրանք բողոքում են սննդամթերքի ու դեղամիջոցների պակասի, տնտեսական ճգնաժամի դեմ:

Կուբայի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով փողոց են դուրս եկել նաեւ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող կուբացի ամերիկացիները:

Լիթըլ Հավանա անվանումը կրող թաղամասում այս ցույցերին է մասնակցում մի քանի հարյուր մարդ: Շատերը հավաքվում են Վերսալ ռեստորանում, որտեղ կուբացի աքսորյալները ժամանակին հավաքվում էին Ֆիդել Կաստրոյի դեմ դավադրություն կազմակերպելու համար:

Նրանցից շատերն են ասում, թե չեն ունեցել հույս, որ մի օր Կուբայի ժողովուրդը կկանգնի ընդդեմ կոմունիստական կառավարության: ‘’Մարդիկ սակայն վաթսուն տարի անց սկսեցին պայքար, քանի որ այլեւս չեն հանդուրժում ճնշամիջոցները, չեն հանդուրժում խոսքի անազատությունը’’, ասում են այստեղ հավաքված կուբացի ամերիկացիները: Նրանց խոսքերով, կառավարությունը Կուբայում ձախողվել է արդեն երկար տարիներ ու մարդիկ հոգնել են այդ վիճակից’’, ասում են նրանք:

Այստեղ անցկացվող ցույցերին են միացել Մայամիի իշխանության ներկայացուցիչները: Քաղաքագլուխ Ֆրանսիզ Սուարեզը ծնվել է Ֆլորիդայում: Նրա հայրը Մայամիի առաջին քաղաքագլուխն էր, որ ծնվել էր Կուբայում:

Ֆրանսիզ Սուարեզի խոսքերով, միջազգային համայնքը եւ Միացյալ Նահանգներն արդեն ինչ որ բան պիտի ձեռնարկեն: ‘’Հարկավոր է, որ նրանք միավորվեն այնպես, ինչպես միավորվել էին Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ’’, ասում է նա ու ավելացնում, որ Կուբայի կառավարությունն օրինական կառավարությու չէ:

Բայդենի վարչակազմը նույնպես իր աջակցությունն է հայտնել Կուբայի ցուցարարներին եւ առայժմ միայն շեշտել խաղաղ ցույցեր անցկացնելու նրանց իրավունքը:

XS
SM
MD
LG