Մատչելի հղումներ

Երեք երկրների դրոշների երկու գյուղերը` Սյունիքում


«Բաղնիքի նորոգման վարկը ես եմ փակում, բայց լողանում են ադրբեջանցիները»: Սա դրվագ է շուռնուխյան ներկա իրականությունից, որտեղ մարդիկ վերևի թաղամասից տեսնում են, թե ինչպես են ներքևի թաղամասում ադրբեջանցի զինվորականները ելումուտ անում իրենց տներ։ Շուռնուխը Սյունիքի մարզի երկու գյուղերիից մեկն է, որտեղ կարելի է կողք կողքի տեսնել միանգամից երեք երկրների դրոշներ։ Գյուղի մի մասում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիներն իրենց վերահսկողությունն են սահմանել, հիմնականան մասում հայերն են, իսկ մեջտեղում ռուսական խաղաղապահ ուժերն են՝ իրենց զինտեխնիկայով ու դրոշով։

Սահմանային այս բաժանման հետևանքով 12 ընտանիք տուն է կորցրել։ Նրանք սպասում են կառավարության կողմից կառուցվող նոր թաղամասում իրենց հասանելիք տներին։ Դրանց հիմքերն ադրեն գցված են։

(Արման Ջավահիրյան, Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխղեկ)

«Կառուցվելու է 13 տուն, ամեն տուն ունենալու է իր անասնագոմը։ Այս տարի մենակ տներն են կառուցվելու, հետագայում բոլոր ենթակառուցվածքները՝ հանգստյան գոտի, ուղաթիռի հարթակ, զբոսայգի»։

Հեռանկարը, որ մի օր գյուղի մյուս հատվածում ադրբեջանական զորքից բացի նաև խաղաղ բնակիչներ կարող են լինել, տեղի հայերը տեսնում, բայց հարևանության չեն պատրաստվում։

(Արման Ջավահիրյան, Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշղեկ)

«Ես անձամբ իմ մասով ասեմ, նման բան չի կարող լինել»։

Ոչ միայն տան հասցեները, այլ նաև երիտասարդների ժամանցի վայրն է փոխվել Շուռնուխում։ Վարդավառը միշտ գլխավոր փողոցում նշող աղջիկներն այս տարի այն տեղափոխել են գյուղի խորքեր։

(Մելինե Ստեփանյան, Շուռնուխում տունը կորցրած բնակիչ)

«Եթե դուրս գանք փողոց, ոչինչ չի լինի, բայց մեզ հաճելի չի իրենց դրոշները տեսնել»։

Որոտանում ադրբեջանական հենակետը հենց մայրուղու վրա է։ Ըստ նոր հայտնված ադրբեջաներեն ու հայերեն ցուցանակների ու դրոշների՝ ճանապարհի այդ հատվածում բարդ է միանգամից հասկանալ, թե որ երկրի տարածքում ես։ Պարզ է միայն, որ երկուսի արանքում ռուսական հենակետերն են։

(Ալիսա Զաքարյան, Որոտանի գյուղապետի կինը)

«Անորոշ ապրում ենք, չգիտենք` ինչ կլինի։ Գորիս գնում-գալիս ենք, բայց երեկոյան ժամերին վախենում ենք գնալ»։

Անվտանգության հետ մտահոգություններին զուգահեռ Որոտանում նաև ներհամայնքային լարվածություն է։

Խորհրդարանական վերջին ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով կալանավորվել է գյուղապետը։

Կինը համոզված է` կատարվածը զուտ քաղաքական հետապնդում է։

(Ալիսա Զաքարյան, Որոտանի գյուղապետի կինը)

«Նման բան չի եղել, մի հիվանդ կնոջ ցուցմունքիի հիման վրա ձերբակալել են ամուսնուս»։

Նոր սահմանները Շուռնուխի և Որոտանի բնակիչների համար նաև սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծել։ Պակասել են արոտավայրերը, վարելահողերը։

(Նունե Բակունց, Որոտանի բնակիչ)

«Էլ արոտավայր չունենք։ Իմ ապրելը էստեղ էլ ինչի՞ ա պետք, եթե ես անասուն չպահեմ»։

Գյուղի ներսում ծածանվող դրոշներն էլ որքան շատ ու տարբեր են, այնքան ավելի են ճնշում բնակիչներին։

«-Էս դրոշներից նեղվո՞ւմ եք։

- Բա ինչ ենք անում, դա վախ ա չէ»։

XS
SM
MD
LG