Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուրբաթ օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Johnson & Johnson պատվաստանյութի 500 հազար չափաբաժին կփոխանցի Մոլդովային՝ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում:
Սա Եվրոպա ուղարկված 80 միլիոն չափաբաժնի առաջին խմբաքանակն է, որը ԱՄՆ-ը խոստացել է այլ երկրներին:
«Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք այդ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերը տրամադրել Մոլդովայի ժողովրդին», - ասել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:
«Մենք չենք տրամադրում այդ չափաբաժինները հետագա արտոնությունների կամ զիջումների համար: Մեր պատվաստանյութերը մատակարարվում են անշահախնդիր: Մենք դա անում ենք բացառապես կյանքեր փրկելու նպատակով», - շարունակել է նա:
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է նաև, որ ԱՄՆ առաջնորդում է պատվաստումների գլոբալ գործընթացը, որը ճիշտ քայլ է ինչպես բարոյական, այնպես էլ` գլոբալ հանրային առողջության ապահովման և հավաքական անվտանգության ու բարեկեցության տեսանկյունից:
Facebook Forum