Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը դատական գործեր է հարուցում ընդդեմ սոցիալական ցանցերի


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը դատական գործ է հարուցել ընդդեմ Twitter-ի, Facebook-ի եւ Google-ի: Գործերն ուղղված են նաեւ ընդդեմ այդ ընկերությունների գործադիր տնօրենների, որոնց Թրամփը մեղադրում է պահպանողական տեսակետները լռեցնելու անօրինական գործողությունների մեջ:

Մայամիի մարզային դատարան ներկայացված բողոքում ասված է, որ Կալիֆորնիայից գործող սոցիալական այս ցանցերը ոտնահարում են ԱՄՆ-ի սահամանադրությամբ ազատ արտահայտվելու իրավունքը:

‘’Մենք ամերիկյան ազատությունների հարցում գրանցելու ենք պատմական հաղթանակ’’, հայտարարել է Թրամփը Նյու Ջերսիում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Այս առնչությամբ նշված ցանցերի պատասխանատուները դեռեւս հանդես չեն եկել որեւէ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը սոցիալական այս ցանցերում իր հաշվեհամարներից զրկվեց, երբ այս ընկերությունները հայտարարեցին, որ նա ոտնահարում է բռնություններ հրահրելու դեմ իրենց ընկերությունների քաղաքականությունը:

Թրամփը բողոքում է, որ Հաղորդակցության պարկեշտության մասին օրենքի 230-րդ կետը ինտերնետային խոշոր ընկերություններին չափից ավելի մեծ իրավունքներ է տալիս եւ ազատում է նրանց իրենց գործողությունների համար պատասխանատվությունից:

Ֆլորիդայում դաշնային մի դատավոր էլ անցյալ շաբաթ արգելափակել էր նահանգային այն օրենքի կիրառումը, որը նախատեսում էր նահանգին տուգանել սոցիալական այն ցանցերին, որոնք արգելքներ են հարուցում քաղաքական թեկնածուների նկատմամբ: Դատավորի կայացրած որոշման մեջ ասված է, որ Ֆլորիդա նահանգի կառավարիչ Ռոն ԴեՍանթիսի կողմից ստորագրված օրենքի նախագիծը հակասահմանադրական է:

XS
SM
MD
LG