Աֆղանստանի անվտանգության ավելի քան 1000 աշխատակիցներ կիրակի օրը հատել են սահմանը դեպի Տաջիկստան Հյուսիսային Աֆղանստանում թալիբների առաջխաղացումից հետո: Տասնյակ մարդիկ գերևարվել են զինյալների կողմից, հայտնում է Տաջիկստանի սահմանային ծառայությունը:
Աֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ հեռանում են թալիբների ճնշման ներքո, սակայն կիրակի օրվա նահանջը ամենամեծն էր: Դա տեղի ունեցավ ընդամենը երկու օր անց, երբ Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացավ Աֆղանստանում գտնվող իր հիմնական ռազմակայանից. վերջնական դուրսբերումը նախատեսված է մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը:
«Թալիբան» շարժումը գրավել է հյուսիսային Բադախշան նահանգը, որը սահմանակից է Տաջիկստանին և Չինաստանին: Բացի այդ, թալիբների վերահսկողության ներքո են անցել վեց կարևոր շրջաններ, որից հետո ավելի քան հազար աֆղանական զինվորականներ փախել են սահմանից այն կողմ Տաջիկստանի թույլտվությամբ, հայտնում են սահմանային ծառայությունից:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ՝ քննարկելով վերջին զարգացումները:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Տաջիկստանին հարող Աֆղանստանի հյուսիսային շրջաններում իրավիճակի սրմանը», - ասված է Տաջիկստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Reuters- ի աղբյուրները հայտնել են, որ Տաջիկստանը ուսումնասիրում է Աֆղանստանից հնարավոր փախստականների համար ճամբարներ ստեղծելու հնարավորությունը:
Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյան հաստատեց, որ հարյուրավոր մարդիկ հեռացել են Տաջիկստան, բայց չի կարողացել ճշգրիտ թվեր հաղորդել: «Թալիբանը» կտրել է բոլոր ճանապարհները, և այդ մարդիկ այլ տեղ չունեին հեռանալու, բացի սահմանը հատելուց», - երկուշաբթի օրը ասել է գաղտնի աղբյուրը:
Բադախշանի օրենսդիր Զաբիհուլլա Աթիկը «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է, որ «Թալիբան» շարժումը գրավել է սահմանամերձ 28 շրջաններից 26-ը, որոնցից երեքը առանց մարտերի հանձնվել են զինյալներին:
Նա ասել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը փախուստի տարբեր ուղիներ են օգտագործել, բայց թալիբները տասնյակ զինվորականների են գերևարել Իշքաշեմ շրջանի տարածքում, որտեղ տաջիկ սահմանապահները փակել են սահմանը:
Տաջիկստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք ընդունել են Իշքաշից 152 մարդկանց, բայց չեն նշել, թե արդյոք ինչ-որ որեւէ մեկի մուտքն արգելել են, թե ոչ:
Աֆղանստանի ազգային անվտանգության խորհրդական Համդուլլա Մոհիբը, ով երկուշաբթի ժամանել էր Մոսկվա ՝ անվտանգության բանակցությունների նպատակով, ասել է, որ կառավարական ուժերը չէին կանխատեսում «Թալիբանի» առաջխաղացումը, բայց պատասխան գործողությունների կդիմեն:
Ռուսաստանը, որը Տաջիկստանում ռազմակայան ունի, հայտարարել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար-ի-Շարիֆ քաղաքում Ռուսաստանի հյուպատոսությունը դադարեցնում է գործունեությունը անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Facebook Forum