«Կործանարար հակամարտության և անհավատալի տառապանքներից հետո մեկ տարի անց, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահների հետ միասին մեզ հաջողվեց վերջերս ներկայացված հատկացումների մասին օրինագծում ապահովել ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին և Արցախին: Այս կայուն ներդրումները կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին ու հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախին»,- ասված է կոնգրեսական Շիֆի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը քննարկել է 2022 թվականի ֆինանսական տարում արտաքին հատկացումների և օգնության մասին օրինագիծը և ընդունել քվեարկության միջոցով 32 կողմ 25 դեմ հարաբերակցությամբ: Դրանից առաջ հունիսի 25-ին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը իր հավանություն է տվել այս օրենքի նախագծին, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին առնչվող հարցերին: Օրինագիծն առաջարկում է առնվազն 50 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակներով:
Օրինագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի մասին դրույթը, ըստ որի՝ առաջարկվում է առնվազն 2 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։ Բացի այդ, փաստաթղթում վերահաստատվում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ԱՄՆ կառավարության օգնությունն Ադբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության և ռազմական օգնության անհամաչափության դիվանագիտական հետևանքներին և կոչ արվում ԱՄՆ պետքարտուղարին հաշվի առնել այս հանգամանքները 2022 թ. ֆինանսական տարում 907-րդ բանաձևից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած որոշման ընդունման ժամանակ:
Հատկացումների մասին օրինագծի շուրջ իր հայտարարության մեջ կոնգրեսական Շիֆը նաև ընդգծել է, որ իրենց աշխատանքները դեռևս հեռու են ավարտված համարվելուց:
«Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները ՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու անհապաղ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են ի հակառակ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների: Մենք պետք է նաև շարունակենք հորդորել նախագահ Բայդենին՝ Ադրբեջանում Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրումից զերծ մնալու համար, որը շարունակում է լրջորեն խախտել մարդու իրավունքները և սպառնում Հայաստանի անկախությանը»,- ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ:
«Ես միշտ կանգնած եմ լինելու Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»,- եզրափակել է կոնգրեսական Շիֆը:
Facebook Forum