Մատչելի հղումներ

ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին


ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով

ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար:

Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչությանը՝ ներկայացնելով մարդասիրական լուրջ վտանգ: Բացի այդ, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգման համար:

Սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020 թ-ի մարտին, և ներկայումս ֆինանսավորում նախատեսված չէ: Օրենսդիրները գտնում են, որ 2022 թվականի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը և ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները:

Ականազերծման գործում ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը կնպաստի արդյունավետ և էֆեկտիվ ծրագրերի առաջխաղացմանը, որոնք փրկում են կյանքեր, խթանում տնտեսական զարգացումը, նպաստում կայունությանը և ընդլայնում ամերիկյան ազդեցությունը, եզրափակում են նամակը ամերիկացի սենատորները:

Facebook Forum

XS
SM
MD
LG