Մատչելի հղումներ

Վերլուծաբանի կարծիք. Չնայած պատերազմում տեղի ունեցածի շուրջ դժգոհության՝ Հայաստանի ժողովուրդը չի ցանկացել վերադառնալ ավելի ավտորիտար անցյալ


Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանում ընտրությունների արդյունքները, դրանցպատճառներն ու հնարավոր զարգացումները

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և ողջունում դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդգծելով, որ, ինչպես նշել են դիտորները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ձայների հաշվարկը: Պետքարտուղարությունը նաև կիսում է դիտորդական առաքելության մտահոգությունն ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացմանև կոպիտ հռետորաբանության վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին հարգել ընտրությունների արդյունքները, խուսափել քաղաքական հաշվեհարդարից և գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական ձևերը:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը կիսում է պետքարտուղարության և դիտորդների մտահոգությունը նախընտրական փուլում հնչած կոշտ հռետորաբանության և բևեռվածության հարցում: Նա, սակայն, շեշտում է՝ ընտրությունների արդյունքում Փաշինյանն ընտրողներից ստացավ իր քաղաքական ուղեգիծը շարունակելու մանդատ:

՛՛Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած պատերազին հաջորդող դժգոհության, չեն ցանկացել վերադարձ դեպի ավելի ավտորիտար անցյալ՛՛,- նշում է Ռուբինը:

Սակայն նա գտնում է, որ Փաշինյանը չպետք է այս ձեռքբերումը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:

՛՛Հայ հանրությունը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը նախորդ նոյեմբերին տեղի ունեցածի վերաբերյալ, այդուհանդերձ ժողովրդի մեծամասնությունը չնախընտրեց երկրորդ նախագահին որպես այլընտրանք: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, սակայն ձգտում ունենալ ավելի թափանցիկ կառավարություն, որը չի ստի պատերազմի ողջ ընթացքում՛՛,- նշում է նա:

Վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով էլ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների համար: Նրա դիրքերը լրջորեն թուլացած էին անցած տարի տեղի ունեցածի արդյունքում, սակայն ակնհայտ է՝ երկրում շատ են նրա քաղաքական գծի կողմնակիցները: Ընտրության արդյուքների նկատմամբ թերահավատությունը, հատկապես ընդդիմության կողմից, վերլուծաբանը բացատրում է նրանով, որ Հայաստանում պարտված կողմը սովորաբար թերահավատորեն է մոտենում ընտրության արդյունքներին, և այդ առումով, ըստ վերլուծաբանի, այս ընտրությունները բացառություն չէին:

Սանամյանը կարծում է, որ սահմանադրական մեծամասնություն ստացած Փաշինյանի քաղաքական ուժը կշարունակի իշխանության միավորման գործընթացը:

՛՛Կարծում եմ հաջորդ քայլը կդառնա սահմանադրական բարեփոխումը, որի մասին նա խոսել է արդեն: Լինելու է փորձ փոխել Սահմանադրությունը՝ հաստատելով նախագահական համակարգ, Փաշինյանը կփորձի ընտրվել նախագահի պաշտոնում՛՛,- կարծում է Սանամյանը:

Խոսելով ԱՄՆ-ի արձագանքի մասին նա ընդգծում է՝ այն դրական էր, սակայն զուսպ՝ հաշվի առնելով Փաշինյանի քաղաքականությունը: ԱՄՆ չունի մեծ հետաքրքրություն այս տարածաշրջանի նկատմամբ, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր բացակայում է լուրջ օրակարգ, գտնում է վերլուծաբանը:

՛՛Փաշինյանի քաղաքականությունը կայանում է նրանում, որ նա հանձնում էր Հայաստանի սուվերենությունը, հիմնականում Ռուսաստանին: Այսօրվա օրոք ռուսական բանակը պաշտպանում է Հայաստանի սահմանները, իսկ եթե երկիրը չի կարող պաշտպանել սեփական սահմանները, ապա դժվար է խոսել սուվերենության մասին՛՛,- ասում է Սանամյանը:

Իր հերթին վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով ընտրություններից հետո առկա են բազմաթիվ հնարավորություններ, ուր Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարող են համագործակցել: Կարևոր է կենտրոնանալ դրանց վրա, նշում է Ռուբինը:

՛՛Այսօր ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր ճամբարի հայ քաղաքական գործիչները պետք է կենտրոնան այն հարցի վրա, թե ինչպես է հնարավոր լավագույնս ամրապնդել հայ-ամերիկյան դաշինքը՛՛,- ասում է նա:

Հայաստանն ունի ներուժ ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու համար, ընդգծում է Ռուբինը: Իշխանությունները պետք է ցույց տան, թե ինչ ճանապարհով են պատրաստվում առաջ շարժվել, ինչպես են պատրաստվում բարեփոխել երկիրը՝ չմոռանալով դասեր քաղել պատերազմից և սխալներից: Վերլուծաբանը հույս է հատնում, որ ընդդիմությունը ևս առաջ կքաշի նոր լուծումներ՝ ավելի արդյունավետ ընդդիմություն դառնալու համար, այլ ոչ պարզապես կշարունակի կոչ անել ապագայում վերադառնալ անցյալին: Ռուբինի կարծիքով, հայկական սփյուռքը կարևոր գործոն է Հայաստանի համար, որը, սակայն, ըստ վերլուծաբանի, պատշաճ կերպով չի օգտագործվում:

Facebook Forum

XS
SM
MD
LG