Մատչելի հղումներ

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա


ԱՊՀ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Այս մասին ասուլիսում ասել է դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

Նեմատովը հիշեցրեց, որ դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Նա վստահեցրեց, որ կազմում եղել են փորձառու անձինք, պատգամավորներ, ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, ռուս-բելառուսական միությունից: Դիտորդները եղել են 700 ընտրատեղամասում:

Նեմատովի գնահատմամբ՝ ընտրությունները սկսվել են առանց իրարանցման, աղմուկի, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ 08:00-ին: Դիտորդները միասին պատրաստել են վերջնական փաստաթուղթ՝ արդյունքների վերաբերյալ:

«Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Նեմատովը:

Նա նշեց նաև գործընթացի բարձր կազմակերպչական մակարդակի մասին: Նեմատովի խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել, անցկացվել են ՀՀ սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Առաքելության ղեկավարն ամենակարևորը համարեց այն, որ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ: Ըստ նրա՝ դա Հայաստանի ընտրողներին ընտրության հնարավորություն է տալիս:

Դիտորդների խոսքով՝ թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթխորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնականարդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

XS
SM
MD
LG