Այսօր Հայաստանում անց է կացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ Ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 578 հազար 678 մարդ: ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 316 հազար 291-ը կամ 12,2 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 11-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 15,74 տոկոսը, ամենապասիվը՝ Շիրակի մարզում՝ 8,43 տոկոս: Մայրաքաղաք Երևանում առաջին երեք ժամերին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13,99 տոկոսը:
Ընտրապայքարին մասնակցղող 25 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար, Նորիկ Նորիկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արա Զոհրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Արթուր Վանեցյանը, Լուսինե Ավագյանը, Արթուր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Արտակ Գալստյանը, Միքայել Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը,Կարինե Տոնոյանը, Սուրեն Սահակյանը, Արման Բաբաջանյանը, Արա Հակոբյանը, Ալեքսան Մինասյանը, Սամվել Բաբայանը, Տիգրան Խզմալյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վահե Գասպարյանը,Դավիթ Սանասարյանը:
Ընտարխախտումների վերաբերյալ ահազանգեր արդեն գրանցվել են։
Լոռու մարզի բնակչուհի է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու կասկածանքով, հաղորդել է ՀՀ Քննչական կոմիտեն:
Մասնակից 25 ուժերից մեկի՝ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, որ իր մեքենայի վրա կրակել են։
Այսօր ժամը 8:30 ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:
Facebook Forum