Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի գագաթաժողովն ավարտվեց կարեւոր խոստումներով


Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների եռօրյա գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում ավարտվեց ռազմօդային ուժերի ցուցադրական թռիչքներով, Եղիսաբեթ թագուհու ընդունելությամբ:

Սա աշխարհի յոթ ամենահարուստ երկրների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր 2019 թվականից ի վեր, ինչը հյուրընկալ պետության վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերով, ‘’ներդաշնակության առավելագույն աստիճանի էր հասել’’:

Գլխավոր հարցերից մեկը եղել է կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարը, եւ Բորիս Ջոնսոնի խոսքերով, յոթ առաջնորդները խոստացել են մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կարիքավոր պետություններին: Սակայն ակտիվիստներին դա չի բավարարում, ովքեր ասում են, թե հարկավոր է, որ այդ պետությունները կասեցնեն պատվաստանյութ արտադրող ընկերությունների հեղինակային իրավունքը, թույլ տալու համար դրանց արտադրությունն այլ երկրներում: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կողմ են, մյուս հինգ պետությունները` դեմ:

Չինաստանը, որը Մեծ յոթնյակի անդամ չէ, նույնպես դարձել էր քննարկումների կարեւոր առարկա: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ էր անում դիմակայել առեւտրի միջազգային կանոններին չենթարկվելու Պեկինի գործողությունները: Եվ Մեծ յոթնյակը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ֆինանսական մեխանիզմի ենթակառուցվածք հիմնելու մասին, որը ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին կտա Չինաստանի Գոտի եւ ճանապարհ նախաձեռնության հետ մրցելու կարողություն:

Չինաստանն, ի պատախան այդ որոշման, հայտարարել է, թե ‘’վաղուց են անցել երկրների փոքր խմբով համաշխարհային որոշումներ կայացնելու ժամանակները’’:

Մեծ յոթնյակի քննարկումների առարկա էր նաեւ Ռուսաստանը, որն այս խմբից դուրս էր հանվել 2014 թվականին Ղրիմը բռնակցելուց հետո: Յոթ ղեկավարները քննարկում էին Ռուսաստանի ապակայունացնող վարքագիծը, կիբերհարձակումները եւ Պուտինի դեմ հանդես եկող անձանց դեմ քիմիական զենք կիրառելու փորձառությունը:

Ինչ վերաբերում է կլիմայական փոփոխությանը, Մեծ յոթնյակի ղեկավարները համաձայնվեցին ամեն տարի 100 միլիարդ դոլար հատկացնել նոր զարգացող երկրներին մթնոլորտի աղտոտումը կասեցնելու համար: Սակայն չնայած ակտիվիստների կողմից մեծ ճնշումներին, միայն Կանադան ու Գերմանիան համաձայնվեցին հատկացնել կանխիկ գումար:

Մեծ յոթնյակի գագաթաժողովին հետեւելու են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության գագաթաժողովները: Թագուհու հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահն այդ նպատակող ուղղություն վերցրեց դեպի Բրյուսել:

XS
SM
MD
LG