Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը` ընդդեմ միջազգային կիբերհարձակումների


Համակարգչային շորթող ծրագրերը արագ տարածում են գտնում աշխարհում, եւ Ռուսաստանը համարվում է նման ամենամեծ խմբերի հավաքատեղի:

ԱՄՆ-ի Colonial Pipeline բենզատար խողովակաշարերի ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բլաունթը հիշում է, թե ինչպես ինքը ստիպված եղավ 5 միլիոն դոլարի չափով փրկագին վճարել հաքերային այն խմբին, որի կիբերհարձակման արդյունքում ընկերությունը զրկվել էր ներքին իր տեղեկագրերից օգտվելու հնարավորությունից:

‘’Գիտակցելով երկրի համար վառելայնութի կարեւորության չափը, իմ աշխատանքային գործունեության քառասուն տարիների ընթացքում ընդունեցի ամենածանր որոշումը: Առաջին հերթին վեր դասեցի երկրի շահերը’’, ասում է նա:

Այս ընկերությունը միակը չէ, որը ենթարկվել է նման հարձակման: Միայն անցած մեկ տարվա ընթացքում հաքերներին հաջողվել է կիբերհարձակումների դիմել ընդդեմ հիվանդանոցների, տրանսպորտային համակարգերի եւ սննդարդյունաբերության:

Այս գործողություններն իրականացնելու համար սահմաններ չկան, իսկ որպես փրկագին նրանց օգտին փոխանցվող գումարներն իրականացվում են կրիպտոարժույթի միջոցով, ինչը շատ է դժվարացնում նրանց հայտնաբերումը:

Հաքերներն իրենց նպատակների համար կիրառում են համակարգիչների խոցելի ցանցերը: Տվյալ ընկերության աշխատակիցներին են ուղարկում էլեկտրոնային նամակներ, որոնց հետ ուղարկված կցորդները բացելիս, հաքերը ստանում է համակարգչային վիրուս փոխանցելու հնարավորություն: Տվյալ ցանց մուտք գործելուց հետո նրանք արգելափակում են այդ ցանցը եւ փոխանցում տեղեկություն, թե որտեղ են պահանջում փոխանցել փրկագինը:

Պաշտոնատար անձինք ասում են, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները վերականգնել են Colonial Pipelines ընկերության վճարած գումարի 2 միլիոն 300 հազար դոլար գումարը, որը, ըստ իրենց ստացած տեղեկությունների, փոխանցվել էր Ռուսաստանում գործող կիբերհանցագործ խմբերից մեկին:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ անցկացվելիք գագաթաժողովի ժամանակ Ջո Բայդենը վեր է հանելու կիբերհանցագործությունների օրրան դարձած Ռուսաստանի հարցը:

Բայդենի վարչակազմը նախազգուշական հրահանգ է արձակել բոլոր կազմակերպությունների ու հաստատությունների համար այն մասին, որ այժմ ժամանակն է բարելավելու իրենց կիբերանվտանգային համակարգերը` համակարգչային շորթող ծրագրերից պաշտպանվելու համար:

XS
SM
MD
LG