Մատչելի հղումներ

Մաքուր էներգիայի արտադրությանը զարկ տալու Բայդենի նպատակը մեծապես կախված է ատոմակայաններից


ԱՄՆ-ում գործող ատոմային մոտ հարյուր կայանները լիովին բավարար են, որպեսզի իրականություն դառնա ջերմոցային գազերի արտանետումները էապես կրճատելու մասին նախագահ Ջո Բայդենի խոստումը: Այս մասին է ասում կլիմայական հարցերով Բայդենի խորհրդական Ջինա ՄաքՔարթին:

Մեկ գիգավատ հզորությամբ ռեակտորի արտադրած էլեկտրաէներգիան արտադրելու համար այսօր պահանջվում են արեգակնային բազում վահանակներ ու քամու տուրբիններ, որոնք մի քանի հարյուր անգամ ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան սովորական որեւէ ատոմակայան:

Ինչպես Dominion Energy ընկերության տնօրեն Դեն Ստոդարդն է ասում, չգիտես ինչու, այսօր մեծ ուշադրություն չի դարձվում ածխաթթու գազեր չարտանետող միջուկայն էներգիայի վրա: ‘’Մենք այս առումով շատ բան ունենք պատմելու’’, ասում է նա:

Շրջակա միջավայրի պահպանության հարցերով խմբերն արդեն մի քանի տասնամյակ են նախազգուշացնում միջուկային էներգիայի վտանգների մասին, հիշեցնելով ԱՄՆ-ում, Ուկրաինայում եւ Ճապոնիայում տեղի ունեցած աղետները: Սակայն Գրինփիսը, որն այս պայքարում երկար ժամանակ էր զբաղեցնում գլխավոր դերը, այսօր այլեւս գործուն պայքար չի մղում ընդդեմ ԱՄՆ-ում գործող ատոմակայանների, սակայն Բայդենի վարչակազմին կոչ է անում ատոմակայանների վրայից ուշադրությունը շեղել դեպի վերարտադրվող էներգիայի տնտեսություն:

Միջուկային էներգիայի բնագավառի մասնագետները սա համարում են հնացած մոտեցում ու մտածողություն:

Դեն Ստոդարդի խոսքերով, այս ատոմակայանները, որոնցից շատերն ունեն հիսուն տարվա պատմություն, միշտ էլ եղել են ապահով ու վստահելի: ‘’ԱՄՆ-ում միջուկային արդյունաբերությունը անվտանգության եւ վստահելիության հարցերում չափազանց մեծ գնահատականի է արժանացել’’, ասում է նա:

Սակայն այս կայանները չեն կառուցվել մշտապես ու անվերջ գործելու համար: Իսկ այս պահին ԱՄՆ-ում կառուցվում են միայն մի քանի նոր ատոմակայաններ: Այնպես որ, եթե հների աշխատանքը դադարեցվի, մաքուր էներգիայի արտադրությանը զարկ տալու Բայդենի նպատակը կարող է ցնդել հօդս:

XS
SM
MD
LG