Այսօր շարունակվում են Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման գործողությունները: Սակայն պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները չեն տալիս կոնգրեսականների սուր հարցերին լիակատար պատասխաններ:
Հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես է ԱՄՆ-ը շարունակելու աֆղանստանցի գործընկերների մարզումները, եւ թե որտեղ են տեղակայվելու ամերիկյան ուժերը, որտեղից հնարավոր կլիներ հայտնաբերել ու ոչնչացնել ահաբեկչական որեւէ սպառնալիք:
Հնդխաղաղօվկիանոսյան հարցերով պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Դեյվիդ Հելվիի խոսքերով, դրանք հարցեր են, որոնք գտնվում են քննարկումների փուլում:
Լսումների ժամանակ Կոնգրեսի բոլոր անդամներն արտահայտեցին ցանկություն, որ Պենտագոնը գտնի հատուկ ներգաղթի վիզաներ տրամադրելու ուղիներ այն աֆղանստանցիների համար, ովքեր մինչեւ զորքերի դուրսբերումն աշխատել են ամերիկյան ուժերի անձնակազմում:
Նման վիզա ստանալու խնդրանքով է դիմել 18 հազար մարդ, ովքեր ունեն մտավախություն, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Թալիբանի զինյալները կսպանեն իրենց: Ինչպես կոնգրեսական Ջեյսոն Քրոն է ասում, աֆղանստանցի իր գործընկերոջը Թալիբանը սպանել է հունվար ամսին, որից մի քանի շաբաթ անց նրա որդին ստացել է մահվան սպառնալիքներով նամակ:
‘’Ու եթե մենք հիմա չգործենք, նրանք վաղ, թե ուշ կդառնան Թալիբանի զոհերը’’, ասաց կոնգրեսականը:
Կոնգրեսականները համամիտ են, որ ամերիկյան ուժերը չէին կարող այստեղ մնալ հավիտյան: Սակայն նրանցից շատերն են մտահոգ, որ Թալիբանը, որն ամուր կապեր ունի ալ Քաիդայի հետ, կարող է տապալել երկրի կառավարությունը:
Իսկ եթե դա պատահի, ամերիկյան ուժերը նորից ստիպված կլինեն մուտք գործել Աֆղանստան, ինչը կպահանջի հավելյալ անչափ մեծ թվով գումարներ, դառնալով նաեւ նոր զոհերի պատճառ ամերիկյան բանակում: