Էստոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին այն բանից հետո, երբ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ռուսական ինքնաթիռը ներխուժել է մերձբալթյան երկրի օդային տարածք:
Երկրի զինված ուժերի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը ռուսական Իլ -96 ինքնաթիռը մոտ մեկ րոպե եղել է Էստոնիայի օդային տարածքում ՝ Բալթիկ ծովի Վայնդլո կղզու մոտակայքում:
Էստոնիայի իշխանությունների խոսքով ՝ ռուսական ինքնաթիռի անձնակազմը չի ներկայացրել թռիչքի ծրագիրը: Օդանավը նաև կապ չի հաստատել Էստոնիայի օդային նավիգացիոն ծառայության հետ:
Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Պետրովը հրավիրվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան փոխանցել են բողոքի նոտա ՝ կապված ենթադրյալ խախտման հետ, որը որակվել է որպես «լուրջ միջադեպ»:
Էստոնիայի իշխանություններն ընդգծել են, որ օդային տարածքի նման խախտումների կրկնությունը «միանգամայն անընդունելի է»:
Էստոնիայի փոքր Վայնդլո կղզին մոտ է այն միջանցքին, որի միջով Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ են թռչում ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռներ:
Վերջին տարիներին Էստոնիան Վայնդլոյի տարածքում արձանագրել է օդային տարածքի մի քանի խախտումներ ռուսական ինքնաթիռների կողմից և բազմիցս արտահայտել է իր բողոքն այդ կապակցությամբ:
Facebook Forum