Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի կարծիքով՝ այս առումով անհրաժեշտ է տարանջատել Հայաստանը ու ամերիկահայ Սփյուռքը: Նա ընդգծում է, որ ճանաչումը որևէ կերպ չի ազդի հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վրա:
՛՛Մենք տեսնում ենք, որ մոտ 30 կամ 40 երկրներ, այդ թվում այնպիսի կարևոր տերություններ, ինչպիսիք են Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են ցեղասպանությունը և ի՞նչ եղավ հետո. ոչի՛նչ: Դա այն իրավիճակը չէ, երբ առաջին քայլը ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը՝ հարաբերությունների խզումը, երրորդը՝ կոալիցիայի ձևավորումն ընդդեմ այն պետության, որը հանդիսանում է իրավահաջորդ՛՛,-ասում է նա:
Ջեֆրին շեշտում է, որ ամերիկահայության համար ճանաչումը իրենց նախնիների կամ սարսափելի ողբերգության զոհերի կարգավիճակի հաստատումն է: Այն ցեղասպանություն որակելու համար ամերիկահայությունը երկար տարիներ աշխատանք է իրականացրել, ընդգծում է Ջեֆրին:
՛՛Դա արվեց, քանի որ ամերիկացիների շոշափելի մասի մոտ առկա էր այն զգացողությունը, որ դա պատմական իրողություն է՝ չափազանց կարևոր ամերիկահայ համայնքի համար: Դա ստիպեց նախագահին գնալ այդ քայլին՛՛,- նշում է նա:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալն իր հերթին հիշեցնում է, որ ամերիկահայությունը երկար տարիներ պայքարել է ԱՄՆ-ի կողմից ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթի օգտագործման համար: Նա այն որակում է առաջին աշխարհամարտի ամենասարսափելի էջը:
Դե Վալն ընդգծում է հայտարարության կարևորությունը հայության այն հատվածի համար, ովքեր հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ: Սակայն Բայդենի հայտարարությունն, ըստ վերլուծաբանի, ակնարկում է, որ դա տեղի է ունեցել անցյալում, իսկ ՛՛ցեղասպանություն՛՛ եզրի կիրառումը չի նախատեսում իրավական որևէ հետևանք կամ պահանջներ, որից վախենում է թուրքական կողմը:
Նա հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ նախագահի գրեթե յուրաքանչյուր թեկնածու խոստացել էր ամերիկահայերին ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ընտրություներից հետո, հետաքրքրությունը կորցնելով ամերիկահայերի ձայների նկատմամբ, դրժել խոստումը: Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր էին, շեշտում է նա:
՛՛Այսօր սակայն այլ իրավիճակ է, երբ առկա են բազմաթիվ տարաձայնույնություններ Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ նախագահ Բայդենը գտավ, որ թուրքական գործոնն այլևս այնքան կարևոր չէ, ուստի անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անունով՛՛,- ասում է դե Վալը:
Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանում անցած տարվա պատերազմի ու այստեղ Թուրքիայի ունեցած դերակատարության արդյունքում փորձ է արվում զուգահեռներ անցկացնել հարյուր տարի առաջ տեղի ունեցած զարգացումների հետ, սակայն նա համակարծիք չէ այս մոտեցմանը: Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրության տարածաշրջան չի հանդիսանում, ընդգգծում է դե Վալը:
''Իհարկե, Հայաստանում այսօր առկա է սպառնալիքի զգացում Թուրքիայի կողմից, և դա հասկանալի է, սակայն իրական սպառնալիքի հիմքեր, կարծում եմ՝ չկան'',-ընդգծում է դե Վալը:
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը, սակայն, հակադրվում է Հայաստանի նկատմամբ սպառնալիքի բացակայության կարծիքին:
՛՛Պատճառներից մեկը, թե ինչու է այդքան կարևոր ճանաչել Հայոց ցեղասպանությունն, այն է, որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել ցեղասպանությունը՛՛,- ընդգծում է Ռուբինը:
Նա սակայն կարճաժամկետում չի տեսնում որևէ լուրջ մեխանիզմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական ռազմակայաններ, որոնք ապահովում են ՀՀ-ի անվտանգությունը: Նա քննադատում է վարչակազմին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի իրագործումը կասեցնելու համար, որի շնորհիվ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին: Բաքուն այսօր քայլեր է ձեռնարկում վերացնելու հայկական պատմամշակութային ժառանգությունը, ասում է Ռուբինը ՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը ջնջում է հայկական գիրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից:
՛՛Ես ավելի շատ մտահոգված եմ ոչ թե Թուրքիայի կողմից անմիջապես անկախ Հայաստանի հանդեպ վրեժխնդրության ցանկությամբ, այլ նրանով, որ Թուրքիան վրեժխնդիր կլինի այնտեղ մնացած հայ համայնքից և հատկապես Թուրքիայի ներսում մշակութային կոթողներից՛՛,- շեշտում է նա:
Ռուբինը չի բացառում, որ Էրդողանն այսօր, Ադրբեջանի օրինակով, կլծվի Թուրքիայի ներսում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման գործին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անզոր է՝ կասեցնելու այս գործընթացը:
Facebook Forum