Մատչելի հղումներ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը էլ ավելի է խորացրել Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև թշնամանքը. վերլուծաբանի կարծիք


ԼՂ հակամարտության գոտի, 17 հոկտեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտության գոտի, 17 հոկտեմբերի, 2020 թ.

Հայ և ադրբեջանցի վերլուծաբանների մասնակցությամբ կայացավ Caucasus Edition հանդեսի՝ ԼՂ հակամարատության խաղաղ կարգավորման նոր փուլի մասին քննարկում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը խորացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև արդեն իսկ առկա խորը թշնամանքը, ասում է վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հայ և ադրբեջանցի վերլուծաբանների մասնակցությամբ Caucasus Edition հանդեսի՝ ղարաբաղյան հակամարատության խաղաղ կարգավորման նոր փուլի և ստեղծված իրավիճակի մասին քննարկմանը:

՛՛Նոյեմբերի 9-ի հայտարարությունից գրեթե վեց ամիս անց մենք գտնվում ենք իրականում միգուցե ավելի լարված իրավիճակում, քան երբևէ եղել ենք: Մենք ավելի շուտ շարժվում ենք դեպի լարվածության աճ, քան իրավիճակի նորմալացում՛՛,- նշում է Գամաղելյանը:

Նա անդրադարձավ հակամարտության զարգացման տարբեր սցենարների, ներառյալ Հարավային Տիրոլի, Ալանդյան կղզիների, Կիպրոսի օրինակներին,՝ շեշտելով, սակայն, որ կողմերն ունեն նախընտրած կարգավորման սցենարներ. Հայաստանը ապավինում է Կոսովոյի սցենարին, ուր Լեռնային Ղարաբաղը կստանար միջազգային ճանաչում, իսկ Ադրբեջանը նախընտրում է Չեչնիայի տարբերակը, ուր Բաքուն լիակատար վերահսկողության տակ կառներ Լեռնային Ղարաբաղը: Նա երկու սցենարներն էլ համարում է անիրատեսական: Ըստ նրա՝ այսօր հակամարտությունն ավելի շատ զարգանում է հարավօսական սցենարով, ուր առկա է ժողովուրդների միջև խորացող թշնամություն, Լեռնային Ղարաբաղը գտնվում է փաստացի ռուսական պրոտեկտորատի ներքո, իսկ կողմերի միջև բացակայում է խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացը։ Նա չի բացառում նաև Սիրիայի տարբերակը, ուր հակամարտությունը կարող է վերածվել պրոքսի հակամարտության խոշոր տերությունների միջև, որը չի բխում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից: Ի տարբերություն Հարավային Օսիայի, սիրիական տարբերակում հակամարտությունը կարող է ներքաշել մեկից ավելի արտաքին տարածաշրջանային կամ գլոբալ դերակատարների: Ամեն դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է առաջին հերթին բավարարել մարդասիրական կարիքները, հաստատել խաղաղ գործընթաց կողմերի ուղիղ ներգրավվածությամբ:

Ադրբեջանցի վերլուծաբան Քամալ Մակիլի-Ալիևի կարծիքով էլ նոյեմբերի հրադադարի հայտարարության որոշ կետեր արդեն իրականացված են, իսկ մյուսների իրականացումը դանդաղում է վստահության պակասի պատճառով։ Նա առանձնացնում է հետպատերազմյան երկու կարևոր զարգացումներ. քաղաքական ճգնաժամը Հայաստանում, որտեղ անորոշությունը թույլ չի տալիս ձևավորել մեկ ընդհանուր ուղեգիծ, և տնտեսական դժվարություններն Ադրբեջանում՝ կապված ԼՂ շուրջ ընկած տարածքների վերականգման տնտեսական բեռի հետ՝ հաշվի առնելով պատերազմական ծախսերն ու համավարակի ազդեցությունը:

՛՛Երկու կողմերն էլ փորձում են հարմարվել նոր իրականաությանը''-, շեշտում է Քամալ Մակիլի-Ալիևի:

Նա հայ ռազմագերիների կամ ինչպես ինքն է նշում ձերբակալվածների վերադարձի հարցը կապում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից վերահսկվող տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերման հետ՝ շեշտելով, որ այս երկու դրույթները ներառված են զինադադարի հայտարարության մեջ: Նրա կարծիքով այս հարցերը կստանան լուծում քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթակում:

Ադրբեջանցի մեկ այլ փորձագետի՝ Քավուս Աբուշևի կարծիքով էլ այսօր առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից, ըստ նրա, առանձնանում են կողմերի միջև անվստահությունը, ազգայնականության աճն ու ռևանշի կոչերը Հայաստանում:

՛՛Երկու հասարակությունների միջև առկա է խորը անվստահություն: Լիովին բացակայում է քաղաքական երկխոսությունը կամ ցանկացած հաղորդակցություն՛՛,- նշում է ադրբեջանցի վերլուծաբանը:

Աբուշովն ընդգծում է, որ ռուսական խաղաղապահների ներկայությունը անհավանական է դարձնում հերթական էսկալացիան՝ բարենպաստ միջավայր ստեղծելով բանակցությունների ու հակամարտության կարգավորման կամ առնվազն միջանկյալ խաղաղության համար։ Նրա կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը չի զարգանա մնացած հակամարտությունների սցենարով, այլ կունենա իր սեփական ուղին՝ ընդգրկելով այլ հակամարտությունների կարգավորման բաղադրիչներ։

Իր հերթին վերլուծաբան Ասպետ Գոչիկյանի կարծիքով Երևանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ունեցած իր դերը։ Այժմ տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ ցանկացած համաձայնություն կլինի երկկողմ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի, կամ եռակողմ՝ Ռուսատանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։

՛՛Սա այն մարտահրավերներից մեկն է, ուր Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը, ինչպես կասեին ոմանք: Այն ամբողջովին կախված է Ռուսաստանից, կապիտուլյացիայի է ենթարկվել և հասցեագրել Ռուսաստանին այս հարցի լուծումը, ներառյալ՝ այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը՛՛,- նշում է Գոչիկյանը:

Նա համակարծիք է այն մտքի հետ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում դիրքորոշումները կարծրացել են: Ըստ նրա՝ պարտված կողմը, իսկ այս դեպքում Հայաստանը, մշտապես ավելի քիչ է հակված երկխոսության ու ավելի շատ՝ դեպի ազգայնական հռետորաբանության, բայց փորձագետը շեշտում է, որ ակնհայտ է, որ Բաքուն ևս շարունակում է ապավինել ազգայնական ուղեգծի: Հաջողությունը պատերազմում ավելի ամրապնդել է ալիևյան ռեժիմը ՝ լեգիտիմություն տալով իր իշխանությանը, իսկ Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամը ստեղծել է անորոշ վիճակ երկրում:

Ըստ Գոչիկյանի՝ ստեղծված իրավիճակում երկու ժողովուրդները պետք է ապրեն, եթե ոչ համակեցության պայմաններում, ապա` կողք կողքի հարևանությամբ, որը կարող է խրախուսել մարդկանց միջև ամենօրյա հաղորդակցումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG