Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի արտգործնախարարները դնում են գագաթաժողովի հիմքերը


ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենը Լոնդոնում է` իր գործընկերների հետ մասնակցելու համար Մեծ յոթնյակի հանդիպմանը: Եռօրյա հանդիպումների օրակարգային հարցերի շարքում են կորոնավիրուսի համաճարակը, Ռուսաստանը և Չինաստանը:

Իրանը և Հյուսիսային Կորեան ՝ երկու երկրներ, որոնց միջուկային ծրագրերը վերջին տարիների բանակցությունների առանցքում են եղել, նախատեսվում է քննարկել երկուշաբթի երեկոյան կայանալիք աշխատանքային ճաշկերույթի ժամանակ:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չունգ Էուի-յոնգը երկուշաբթի օրը ասել է, թե երախտապարտ է, որ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը արձանագրել է քաղաքականության փոփոխություն:

Բլինքենը նաև հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիին ՝ ասելով, որ երկու երկրները կիսում են «մտահոգությունները Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ» և հավատարիմ են այդ խնդիրները լուծելու հարցում Հարավային Կորեայի հետ համագործակցությանը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իր արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը եւ Բլինքենը խորհրդակցություն կանցկացնեն Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի և առևտրի հարցերի շուրջ:

Մեծ յոթնյակի նախարարների մակարդակով այս բանակցությունները դնում են հունիս ամսին այդ երկրներից ղեկավարների գագաթնաժողովի հիմքերը:

Այս շաբաթվա բանակցություններին, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Ճապոնիայից զատ, մասնակցում են նաև Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան և Բրունեյը:

G-7 հանդիպումներից հետո Բլինկենը պետք է մեկնի Ուկրաինա ՝ հանդիպելու նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարության մեջ նշել է, որ Բլինքենը «վերահաստատելու է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»:

XS
SM
MD
LG