ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում պաշտոնավարման առաջին 100 օրերի կապակցությամբ արտասանած իր ելույթում Ջո Բայդենը կարեւոր տեղ հատկացրեց մարդու իրավունքների պաշտպանությանը: Անդրադարձավ Մյանմարում ու Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերով, Բայդենը հավատարիմ է մնում մարդու իրավունքները պաշտպանելու հարցը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքում նորից դնելու խոստումին:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետներն ասում են, թե նախագահ Բայդենը եւ պետքարտուղար Բլինքենը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մեծապես են տարբերվում Թրամփի վարչակազմից: Նրանք օրինակ են բերում ույղուր փոքրամասնության դեմ գործողությունների կապակցությամբ Չինաստանի նկատամամբ վարչակազմից հնչող քննադատությունը:
Ինչպես Amnesty International-ի աշխատակիցներից Ջոան Լինն է ասում, ‘’Չի թվում, որ Թրամփի վարչակազմի օրինակով, Բայդենի վարչակազմը կարող է անտեսել այլուր տեղի ունեցող ոտնահարումները:
Շատերն են օրինակ բերում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը: Ինչպես օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ցեղասպանությունների հարցերով կրթական ծրագրի նախագահ Ստիվըն Մմիթն է ասում. ‘’Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր անցած 106 տարիներին եւ դրա միայն այսքան տարի ուշ ճանաչումը սարսափելի ամոթ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Չափազանց ուշացած է: Սակայն լավ է ուշ, քան երբեք’’, ասում է նա:
Նոր վարչակազմի քաղաքականությունից գոհ փորձագետները նշում են Միջազգային քրեական դատարանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հրաժարվելու հանգամանքը, կանանց իրավունքների նկատմամբ վերաբերմունքը, քաղաքացիական հասարակության նկատմամբ աջակցությունը:
Փորձագետները նաեւ հիշեցնում են Արաբական Միացյալ Էմիրություններին ու Եգիպտոսին ԱՄՆ-ի կողմից զենքերի վաճառքի մասին, երկրներ, որոնք հայտնի են մարդու իրավունքների ոտնահարումներով: Ուրեմն, ասում են նրանք, կան բնագավառներ, որտեղ դեռեւս հարկավոր է իրականացնել դրական փոփոխություններ, ‘’պարտականություն, որին պիտի գնա Բայդենի վարչակազմը’’: