ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի չորս պաշտոնյաների և մեկ պետական գործակալության նկատմամբ, որոնք կապված են պաշտպանության ոլորտի արտահանման հետ:
Այս մասին հայտնում է ԱՄՆ դաշնային ռեգիստրը:
Պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում ՝ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ ունեցած կապերի պատճառով:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը՝ SSB- ն, որի խնդիրն է ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների մատակարարումը, ևս հայտնվել է պատժամիջոցների տակ:
Բացի այդ, չորս պաշտոնյաներ ընդգրկվել են ԱՄՆ-ի սև ցուցակում, այդ թվում ՝ SSB-ի ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ տարածքում ակտիվների արգելափակում և ֆիզիկական անձանց համար ամերիկացիների հետ ֆինանսական որևէ գործարքի արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ից արտահանման արգելք և SSB- ին ավելի քան $ 10 մլն վարկի կասեցում: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից:
Ծանուցման տեքստում նշված չեն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց գնման համար Վաշինգտոնը նախկինում Անկարային սպառնում էր պատժամիջոցներով:
Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաքումը Թուրքիա սկսվել է 2019 թ-ի հունիսի կեսերից, ինչը հանգեցրել է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի:
Facebook Forum