Եվրոպական միության ղեկավար անձինք` Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը մեկնելու են Թուրքիա, հանդիպելու համար նախագահ Ռեջեփ Էրդողանին: Այցի նպատակը հարաբերություններում շտկումներ կատարելն է, առկա լարվածությունը մեղմելը:
Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել 2016 թվականին կնքված փախստականների մասին պայմանագիրը, որը Թուրքիային վերածել է փախստականների հոսքն իր վրա վերցնող պետության: Ինչպես թուրք վերլուծաբան Սինան Ուլգենն է ասում, Անկարան պատրաստ է գնալ գործարքի, սակայն ոչ անվճար:
‘’Թուրքիայի կառավարությունը, կարծես, ցանկանում է երկարաձգել այս գործարքը, պայմանով, որ ԵՄ-ը ստեղծի անցած տարիների ֆինանսական փաթեթի նման ֆինանսավորման մեխանիզմ: Թուրքիան ցանկանում է նաև, որ ԵՄ-ը տա մաքսային միության համաձայնագրի արդիականացման և վիզաների ազատականացման գործընթացի վերակենդանացման բանակցությունների մեկնարկը’’, ասում է նա:
Միշելն ու Ֆոն Լեյենը Էրդողանին են փոխանցելու ԵՄ-ի ուղերձն այն մասին, որ ցանկացած զիջում կապված է լինելու ԵՄ անդամ Հունաստանի հետ բանակցությունները շարունակելու հանգամանքի հետ: Բանակցությունների նպատակը էգեյան և Միջերկրական ծովերում կողմերի միջեւ առկա տարաձայնությունները հարթելն է: Վերլուծաբան Ասլա Այդինթասբասի խոսքերով էլ, չնայած թուրք-հունական բանակցություններին, իրավիճակը մնում է անկայուն:
Ինչ վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ապա պետք է ասել, որ դրանք չեն լինելու Էրդողանի հետ հանդիպման օրակարգում: Հիշեցնենք, որ Անկարան անցյալ ամիս դուրս էր եկել կանանց իրավունքները պաշտպանող միջազգային պայմանագրից, եւ վերաբացել էր Թուրքիայի երկրորդ ամենախոշոր կուսակցության` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ հարուցված ու նախկինում փակված գործը:
Նյու Յորքից գործող Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Սինքլեր Ուեբն ասում է, ‘’Անկարան սկսել է հավատալ, որ այսօր կարող է լուծել իր համար անհրաժեշտ ամեն մի հարց: Սակայն կարծում եմ, թե ժամանակն է, որ Եվրոպական միությունը սկսի Անկարայի հետ խոսել ձայնի ավելի խիստ երանգով’’, ասում է նա ու ավելացնում, որ Եվրոպական միությունը թուլացնում է իր դիրքերը, երբ պարբերաբար փորձում է խնդիրներին մոտենալ դրական տեսանկյունից:
Իսկ Թուրքիան Եվրոպական միության հետ խաղում է իր տարածքում այս պահին գտնվող սիրիացի չորս միլիոն փախստականների խաղաքարտով: Եվրոպական միությունն էլ շարունակում է սիրաշահել Անկարային, որպեսզի այդ փախստականները մի օր չբռնեն դեպի Եվրոպա տանող ճանապարհը: