Մատչելի հղումներ

Վաշինգտոնի ռեստորաններն` ընդդեմ ռասիզմի


ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող ռեստորաններից մեկի խոհարար Քեւին Թիինն ասում է, թե հավատացած է, որ յուրաքանչյուր ոք կարող է պայքարել ընդդեմ ռասիզմի: Ինքը` Թիինը որոշել է սկսել բարեգործական հիմուքներով ճաշկերույթների շարք, փորձելով պաշտպանել ասիացի ամերիկացիների իրավունքները: Նրա խոսքերով, երբ ինքն իր նպատակի մասին տեղյակ է պահել այստեղ գործող այլ ռեստորանների գլխավոր խոհարարներին, բոլորն էլ ասել են, որ ցանկանում են միանալ այդ միջոցառումների շարքին: Հավաքված գումարը փոխանցվում է մարդու իրավուքների պաշտպան խմբերին, որոնք կենտրոնացել են հատկապես ասիացիների իրավունքները պաշտպանելու խնդրի վրա:

Թիինի նախաձեռնությանն է այժմ միացել Վաշինգտոնի 45 խոհարար:

Յուրաքանչյուր կիրակի օր ռեստորանների շեֆ խոհարարները հատուկ ճաշատեսակներ են պատրաստում: Երկու հոգու համար հինգ բաժնից կազմված պատվերը կազմում է 150 դոլար: Առաջին օրն այս խոհարարները ստացել են ութսուն պատվեր:

Ինչպես գնորդներից Քեթին է ասում, ‘’անկախ նրանից, թե այս միջոցառումը նախատեսված է սեւամորթ, թե ասիացի ամերիկացիների իրավունքները պաշտպանելու համար, մենք պիտի աջակցենք այդ նախագիծը’’:

Վիրջինիայի բնակիչ Սոֆին էլ ասում է, որ երբ ինքն իմացավ այս միջոցառման մասին, որին մասնակցում են իր համար հայտնի ռեստորանների խոհարարները, ինքն անմիջապես որոշեց մեկնել Վաշինգտոն ու կատարել իր գնումը:

Կալիֆոռնիայի պետական համալսարանի կողմից մարտ ամսին հրապարակված ուսումնասիրության համաձայն, ասիացի ամերիկացիների դեմ ատելության հողի վրա իրականացված բռնություններն աճել են 149 տոկոսով, չնայած այս դրդապատճառներով հանցագործությունների ընդհանուր թվի կրճատմանը:

Ինդիանայի համալսարանի իրավաբանության դասախոս Ջիան Բելը կարծում է, որ իրական թիվն ավելի բարձր է, քան պաշտոնականը: ‘’Ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների մասին տեղեկությունները շատ հաճախ կոծկվում են, եւ իրականում չենք ունենում պատկերը ճշգրիտ արտահայտող տվյալներ’’:

Թիինը կարծում է, որ խնդիրը լռության մատնելու հանգամանքը միայն ավելի է խորացնում խնդիրը: Նա մտադիր է այս նախագծի մեջ ընդգրկել ավելի մեծ թվով ռեստորաններ, ոչ միայն մայրաքաղաք Վաշինգտոնից, այլ նաեւ ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներից:

XS
SM
MD
LG