Ոստիկանների կողմից ձերբակալված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի համատարած ցույցեր սկսվեցին ամբողջ ԱՄՆ-ում: Այս ընթացքում այստեղ գրանցվեցին լրագրողների դեմ աննախադեպ թվով հարձակումներ ու իրականացվեցին ձերբակալություններ:
Այովա նահանգի տեղական թերթերից մեկի թղթակից Անդրեա Սահուրին ասում է, որ իր դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, որից հետո իրեն ձերբակալել են ցույցերը մեկնաբանելու ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ նա ոստիականներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է:
2020 թվականին ԱՄՆ-ում մոտ 130 լրագրող է ձերբակալվել:
Ինչպես վերլուծաբան Քիրստին ՄաքՔադենն է ասում, դա նախորդ տարվա համեմատ 1200 տոկոսի աճ է նշանակում: ‘’Դա պարզապես աննախադեպ ցուցանիշ է ԱՄՆ-ի համար’’, ասում է նա:
Լրագրողների դեմ հարուցված գրեթե բոլոր մեղադրանքները հանվել են: Սակայն, ինչպես Այովայի դատախազներն էին պնդում, Սահուրին ու նրա ընկերը չեն ենթարկվել ցրվելու մասին ոստիկանների հրահանգին:
Ինչպես ոստիկաններն են պատմում, նրանք երկուսով փորձել են դիմադրել, երբ արդեն իսկ ձերբակալվել էին:
Միջազգային համաներում կազմակերպությունը հայտարարում է, որ այս մի դեպքը կարող է լինել մամուլի ազատության ցուցանիշ ԱՄՆ-ում:
Կազմակերպության անդամներից Դենիս Բելի խոսքերով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատարան է տեղափոխվում ցույցերը մեկնաբանող լրագրողը: ‘’Սա մարդու իրավունքների ոտնահարում է, իրավունքներ, որոնց համար Ամերիկան միշտ է եղել հպարտ’’, ասում է նա:
Ինչեւէ, Սահուրին նույնպես միացավ այն լրագրողներին, որոնք դատարաններում ի վերջո ճանաչվեցին անմեղ: Ինչպես մամուլի ազատության ջատագովներն են ասում, այս դեպքը կարող է դառնալ դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս լրագրողներին ազատ արձակելու համար նախադեպ: