Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով անցած տարվա ղարաբաղյան պատերազմը անակնկալի բերեց Արևմուտքը, որը երկար տարիներ ջանքեր է ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մեջ: Խոսելով օրերս ԼՂ հակամարտությանը նվիրված առցան քննարկման ընթփացքում՝ դե Վաալն այսօրվա կացությունն ու վերջին պատերազմը որակում է Արևմուտքի ձախողում, որը կարող էր ավելին անել՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
Վերլուծաբանի կարծիքով այսօր Բայդենի վարչակազմը ցանկանում է վերադառնալ այս գործընթացին, սակայն այս ճանապարհին կան խոչընդոտներ, ներառյալ ստեղծված կացությունն ու ՌԴ խորը ներգրավվածությունը հակամարտությունում: Թոմ դե Վաալը կարևորում է Արևմուտքի դերակատարությունը հատկապես ոչ պաշտոնական ձևաչափի երկխոսության կազմակերպման շրջանակում (Track II diplomacy): Բացի այդ, վերլուծաբանը կարևորում է արևմտյան հաստատությունների ու միջազգային դերակատարների ֆինանսական օժանդակությունը, որի միջոցով պետք է հասնել նաև ԼՂ հայության մեկուսացման վերացմանը, որը դե Վաալը համարում է հակամարտության առաջնային խնդիրներից մեկը:
Թոմ դե Վաալն ընդգծում է, որ՝ զինադադարի հայտարարությունը չի հանդիսանում խաղաղության պայմանագիր:
՛՛Կարծում եմ, որ կարևոր է կրկին նշել, որ դա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ հրադադարի մասին համաձայնագիր: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը երեք կողմերի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ: Այն չունի միջազգային կարգավիճակ: Այն չի ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը՛՛,- նշել է դե Վաալը:
Ըստ վերլուծաբանի՝ շատ հիմնարար խնդիրներ արտացոլված չեն հայտարարությունում, ներառյալ ԼՂ և ռուս խաղաղապահ ուժերի կարգավիճակի հիմնահարցերը:
Անդրադառնալով ՌԴ-ի քաղաքականությանը դե Վաալն ընդգծում է, որ Մոսկվան այստեղ վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից մոտենում է Լեռնաին Ղարաբաղին Հարավային Օսիայի կամ Աբխազիայի օրինակով, մյուս կողմից ակտիվորեն աշխատում Թուրքիայի հետ: Նա Պուտին-Էրդողան հարաբերությունները նմանեցնում է Լենին-Մուստաֆա Քեմալ պատմական հարաբերություններին:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակը կամ պարտությունը կարող է կանխորոշել, թե ինչպիսի երկրներ կդառնան Հայաստանն ու Ադրբեջանը, իր հերթին ասում է ամերիկահայ վերլուծաբան, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը: Բաքուն, ըստ նրա, իրականացնում է քարոզարշավ՝ փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես բազմաէթնիկ ու բազմամշակութային երկիր, ուր կարող են ապրել տարբեր էթնիկական խմբեր: Իրականում, սակայն, ըստ Լիպարիտյանի, Ադրբեջանը չի հրաժարվել ատելության ու բռնության քարոզից ու հռետորաբանությունից: Հաշվի առմելով երկրի բռնապետական բնույթը և ժողովրդավարական ուժերի նկատմամբ բռնաճնշումները՝ որևէ բողոքի ձայն չի հնչում այդ հռետորաբանության կապակցությամբ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Լիպարիտյանի կարծիքով այսօր այնտեղ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունը չի վայելում բնակչության աջակցությունը: Այն իր բնույթով և ձևով հակաժողովրդավարական է և փորձում է պարտության ողջ բեռը բարդել գործող վարչապետի վրա՝ անտեսելով սեփական պատասխանատվությունը բանակցային գործընթացի ձախողման մեջ: Ըստ Լիպարիտյանի՝ գործող իշխանությունները չեն պատասխանատու պատերազմում պարտության համար, սակայն, ըստ Լիպարիտյանի, առկա է նաև տրամաբանական հարցադրում, թե արդյոք վարչապետ Փաշինյանն է ամենաճիշտ ընտրված առաջնորդն այս պահին Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ բանակցելու համար:
՛՛Երկրում չկա իրական երկխոսություն տեղի ունեցածի վերաբերյալ, գերիշխում է ժխտողականությունը, նույնիսկ չկա համաձայնություն, թե ինչ է կորսվել և ինչ են նշանակում այդ կորուստները: Այժմ Հայաստանում հնչում են կոչեր ավտորիտար ռեժիմի, ուժեղ անձի կառավարման, ավելի շատ ու լավ ռազմականացման, ռևանշիզմի և բռնությամբ կառավարությունը տապալելու օգտին՛՛,- ասում է Լիպարիտյանը:
Պատմաբանի կարծիքով վերջին պատերազմի արդյունքում լուծվել է ԼՂ հակամարտության երկու կարևրքո հիմնահարցերից մեկը՝ ԼՂ շուրջ ընկած տարածքների խնդիրը: Այժմ, ըստ նրա, մնացել է մյուս՝ կարգավիճակի հարցը, սակայն այս խնդրի շոշափելի հատվածը նույնպես լուծվել է, և այժմ ենթադրվում է, որ ԼՂ-ն ընդունվում է որպես Ադրբեջանի մաս:
՛՛Եռակողմ հայտարարության տեքստի իմ ընկալումն այն է, որ այն ստորագրած կողմերը՝ ՌԴ, Ադրբեջանն ու ներառյալ Հայաստանը (Ղարաբաղի ղեկավարությունը չի մանսակցել ստորագրմանը) ենթադրում են կամ լուռ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՛՛,-ասում է Լիպարիտյանը:
Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն իր հերթին ընդգծում է, որ տարածաշրջանում պատերազմից հետո ստեղծվել է անվտանգության հետ կապված նոր վիճակ: Անհրաժեշտ է կենտրոնանալ տեղական համատեքստի վրա, նշում է վերլուծաբանը, ում կարծիքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Դեռևս վաղ է խոսել խառը ազգաբնակչությամբ համատեղ կյանքի մասին: Կարևոր է հասկանալ, թե ինչպես կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ: Փորձագետը գտնում է, որ այսօր ամենաընդունելի տարբերակը կողմերի միջև հաշտեցումն է տնտեսական կապերի միջոցով: Նա մատնանշում է փոխվարչապետերի եռակողմ բանակցային ձևաչափը տրանսպորտային ուղիների հարցերի շուրջ,՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին դեռևս չկա բավարար տեղեկատվություն այս գործընթացի մասին: Մարտին սպասվում է, որ կողմերը կհրապարակեն տրանսպորտային խնդիրների շուրջ համատեղ զեկույց, որը կարող է սպառիչ պատասխաններ տալ գոծընթացի մասին:
Թուրքիայի ունեցած դերակատարության մասին իր հերթին խոսեց Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գոչեկը, ում կարծիքով Էրդողանն ու իր կառավարությունը չեն ողջունի Արևմուտքի վերադարձը այս հակամարտության կարգավորման գործընթացին: Ըստ նրա, Էրդողանը ձգտում է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն՝ ՝ ցանկանալով Թուրքիան վերածել անկախ միջազգային գործընկերոջ և տարածաշրջանային տերության: Դրա արդյունքում՝ մշտապես շրջանառության մեջ է դրվում ազգայնական խաղաքարտը: Գոչեքի կարծիքով՝ դրա վառ ապացույցն է Թուրքաիյի ու Ադրբեջանի միջև ստեղծված հարաբերությունները՝ չնայած վերջիններիս տարբերությանը իսլամի դավանանքի հարցում. Թուրքիան զգալի մասով սունի մահմեդական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ շիա: Հաշվի առնելով աշխարհում պոպուլիստական դրսևորումների արդիականացումը, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններն ու Էրդողանի որդեգրած նեոօսմանիստական քաղաքականությունը՝ նա կանխատեսում է, որ չնայած տնտեսության ծանրագույն վիճակին՝ Անկարան կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը:
ԼՂ հայության հետագա ճակատագրի մասին խոսելիս նա շեշտում է, որ այսօր Ալիևը փորձում է այստեղ կիրառել Թուքիայի կողմից քրդերին ինտեգրացնելու փորձը, որտեղ Անկարան ձգտում է հասնել ինտեգրացմանը տնտեսկան կապերի միջոցով: Սակայն բանախոսը այս մոտեցումը որակում է ձախողված, քանի որ ինտեգրացման փորձը ուղեկցվում էր թուրքականացմամբ, որը և հանգեցրեց այս մոդելի ձախողմանը:
Այս առումով Ֆաթիմա Գյոչեքի հետ համակարծիք է մեկ այլ բանախոս Ջոշուա Կուցերան: Նրա կարծիքով քիչ հավանական է, որ ԼՂ հայւոթյունը ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, իսկ Հայաստանի հանրությւոնն ու առաջնորդները Լեռնային Ղարաբաղը չեն դիտարկում Ադրբեջանի մաս: Ըստ նրա՝ ամենագլխավոր հարցերից է, թե ինչպես կվարվի Ռուսաստանը հինգ տարուց հետո, երբ լրանա խաղաղապահ առաքելության առաջին ժամկետը: Համեմատած հետխորհրդային այլ վիճելի տարածքների հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորամիավորմներ՝ ըստ Կուցերայի, Լեռնաին Ղարաբաղի իրադրությունը յուրահատուկ է, քանի որ այլ վայրերում չկան ժամանակային սահմանափակումներ, իսկ ԼՂ-ում, ըստ եռակողմ համաձայնության, գործում է հինգամյա ժամկետը, ուստի ապագան մնում է անորոշ: Ըստ Կուցերայի, ռուսական կողմը շահագրգված է Լեռնային Ղարաբաղում հայկական ազգաբնակչության ներկայությամբ և սերտորեն համագործածկցում է ղարաբաղյան դե ֆակտո իշխանությունների հետ: Վերլուծաբանը պնդում է՝ հետագա կարգավիճակի հստակեցման առումով կարևոր է Պուտին-Ալիև երկխոսությունը, որին ըստ նրա, պետք է հետևել ուշադրությամբ: Ինչ վերաբերվում է հայկական կողմին, ապա ըստ Կուցերայի, Հայաստանը կարող է որոշակիորեն բարելավել հայտարարությամբ ընդունված պայմանները, սակայն դրա համար անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարում:
Facebook Forum