2020 թվականի Freedom House-ի հրապարակման հետ համեմատած՝ Հայաստանը գրանցել է առաջընթաց երկու միավորով այս տարվա զեկույցում՝ անցած տարվա ընդհանուր 53 միավորից հասնելով 55-ի: Իրավապաշտպան կազմակերպության գնահատականը հիմնված է ժողովրդավարության զարգացման երկու հիմնական ոլորտներում կատարած ուսումնասիրությունների հիման վրա. հետազոտվում է տվյալ տարում երկրի զարգացումները քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ասպարեզներում:
Այս տարվա զեկույցի համաձայն, ըստ Freedom House-ի, Հայաստանում արձանագրվել է երկու դրական միտում: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների գծով իրավապաշտպան կազմակերպությունը առաջընթաց է գրանցել մասնավոր սեփականության պաշտպանության ոլորտում: Կառույցի փորձագետների գնահատմամբ, ՀՀ-ը մեկ միավորով առաջ է շարժվել ՛՛արդյո՞ք անհատներն ունակ են առանց պետական կամ ոչ պետական անհարկի միջամտության իրականացնել սեփականության իրավունքը և հիմնել մասնավոր բիզնես՛՛ հարցադրման ներքո: Արձանագրելով այստեղ միավորի փոփոխություն՝ զեկույցն ընդգծում է՝ ցուցանիշը 2-ից բարելավվել է 3-ի, քանի որ 2018 թ-ի կառավարության փոփոխությունից ի վեր նվազել է Հանրապետականուսակցության հետ փոխկապակցված անձանց անտեղի միջամտությունը բիզնես գործունեությանը:
Ըստ զեկույցի՝ գործարար շրջանակները, հատկապես փոքր և միջին ձեռներեցները, նախկինում հաճախ էին բախվում նախկին իշխանությունների կողմիցակտիվների կամայական բռնագրավմանը կամ կաշառք ստանալու պահանջին: Իշխանափոխությունից հետո այդ գործունեությունը դարձել է ավելի հազվադեպ, գտնում է Freedom House-ը: ՛՛Հայաստանի օրենսդրությունը համարժեքորեն պաշտպանում է սեփականության իրավունքը՝ չնայած նրան, որ նախկինում պաշտոնյաներն այն միշտ չէ, որ պահպանել են՛՛, շեշտում է կազմակերպությունը:
Իրավապաշտպան կազմակերպության փորձագետների կարծիքով երկրում առաջընթաց է գրանցվել նաև քաղաքական իրավունքերի ասպարեզում, մասնավորապես, ՛՛արդյո՞ք պաշտոնական կոռուպցիայի դեմ երաշխիքներն ուժեղ են և արդյունավետ՛՛ հարցադրման շրջանակում: Ըստ զեկույցի, ցուցանիշը մեկ միավորով բարելավվել է նոր օրենսդրության շնորհիվ, որը նպաստում է ՀՀ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանն ու տնտեսական հանցագործությունների համար նախկին պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների հետապնդմանը:
Զեկույցում նշվում է՝ Փաշինյանի կառավարությունը կայուն առաջընթաց է գրանցել նախկինում կատարված անօրինական գործողությունները հետաքննելու և հակակոռուպցիոն մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ 2020 թվականի ապրիլին խորհրդարանն ընդունեց օրենսդրություն, որով ընդլայնվեցին նախկին պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը հետաքննելու դատախազների հնարավորությունները:
Հրապարակման մեջ կարևորվում է կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը: Դրա վերաբերյալ օրինագիծն ի սկզբանե նախատեսվում էր 2019 թ-ին հակակոռուպցիոն եռամյա ծրագրի շրջանակում: Ըստ զեկույցի՝ նախատեսվում է, որ այն հակակոռուպցիոն հատուկ դատարանի հետ միասին կսկսի գործել այս տարվա ընթացքում:
Մնացած այս դեպքերում անցած տարվա զեկույցի հետ համեմատած կառույցը փոփոխության չի ենթարկել ՀՀ-ի ցուցանիշները՝ չնայած որոշ ասպարեզներում զեկույցում մեջբերվում են դրական կամ բացասական միտումներ: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների առումով զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ բռնություններն ու բռնաճնշումները 2018 թ-ից ի վեր նվազել են, սակայն դեռևս առկա են. տեղական ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները 2020 թվականի երկրորդ եռամսյակում լրագրողների շրջանում արձանագրել են բռնության վեց դեպք, իսկ 22 դեպքերում լրագրողները առերեսվել են իրավական գործողությունների:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2020 թվականի մարտին կառավարությունը COVID-19-ի պատճառով սահմանեց արտակարգ դրություն՝ սահմանափակելու համար լրատվամիջոցների կողմից ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության հաղորդումը: Այդ ամիս մի շարք ՛՛լրատվամիջոցներ և լրագրողներ ստիպված էին խմբագրել իրենց նյութերն ու սոցիալական ցանցերի գրառումները՛՛, ասված է զեկույցում: Տեղի տալով լրագրողների և ԶԼՄ-ների շահերի պաշտպանության խմբերի ճնշումներին՝ ապրիլին սահմանափակումը վերացվեց, սակայն կառավարությունը խոստացավ շարունակել ուշադրությամբ հետևել լրատվամիջոցների հրապարակումներին:
Քաղաքական իրավունքների գծով էլ զեկույցում նշվում է, որ երկրում պատմականորեն թափանցիկությունը եղել է սահմանափակ, իսկ պետական պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման կանոնների կիրառումը՝ թույլ: Freedom House-ը մատնանշում է, որ 2020 թ.-ին Ազգային ժողովը քայլեր ձեռնարկեց թափանցիկության բարձրացման ուղղությամբ, ներառյալ, ակտիվների հայտարարագրման պահանջների ուժեղացման միջոցով:
Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ Փաշինյանի կառավարությունն աշխատել է նաև հասարակության տեղեկատվության մատչելիությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ավելի հաճախ հաղորդակցվելով մամուլի և հանրության հետ, այդ թվում ՝ սոցիալական ցանցերի ուղիղ հեռարձակումների միջոցով: Այնուամենայնիվ, կառավարությունը բախվեց տևական քննադատությանը՝ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում զոհերի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու և առանց հանրային լուրջ քննարկման հրադադարի համաձայնագիրը ստորագրելու համար:
Որպես 2020 թվականի ընթացքում առանցքային զարգացումներ զեկույցն առանձնացնում է մարտ ամսին կառավարության հայտարարած COVID-19- ի հետ կապված արտակարգ դրությունը, իշխանությունների հակակոռուպցիոն ջանքերն ու ձեռնարկված քայլերը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ բռնկված պատերազմն ու կառավարության կողմից ռազմական դրության հայտարարումն ու հետպատերազմյան քաղաքական զարգացումները:
Facebook Forum