Մատչելի հղումներ

AstraZeneca-ն` Ֆրանսիայում ու Հայաստանում


Ֆրանսիայում 65-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, որոնք ունեն այլ հիվանդություններ, կարող են ստանալ քովիդ հիվանդության դեմ AstraZeneca պատվաստանյութը: Երբ այս պատվաստանյութը հաստատում ստացավ Եվրոպական միության կողմից, Ֆրանսիան իրավունք տվեց, որ այն օգտագործվեր միայն 65-ից ցածր տարիք ունեցող անձանց դեպքում, քանի որ վաղ փորձարկումները ցույց էին տվել, որ 65-ից բարձր տարիք ունեցողների դեպքում այն չի արձանագրում բարձր արդյունավետություն:

Ինչ վերաբերում է երկրում իրականացվող խիստ սահմանափակումներին, իշխանությունները հայտնում են, որ դրանք, այդ թվում գիշերային պարետային ժամը շարունակվելու են եւս չորսից վեց շաբաթ: Ֆրանսիայում, բացի պարետային ժամը, փակ են բարերը, ռեստորաններն ու թանգարանները:

Կորոնավիրուսի 3 միլիոն 761 հազար վարակվածության թվով Ֆրանսիան աշխարհում զբաղեցնում է վեցերորդ բացասական տեղը: Այստեղ այս հիվանդությանը զոհ է գնացել մոտ 86900 մարդ:

Վերադառնալով պատվաստանյութերին, հիշեցնենք, որ մասնագիտական հանձնաժողովը Հայաստանում հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։ Հայաստանում պատվաստումները կսկսվեն մարտ ամսից: Բայց Sputnik V-ով արդեն իսկ փոքրաթիվ պատվաստումներ կատարվել են:

Ինչպես հայ մասնագետներն են ասում, AstraZeneca-ն եւ Sputnik V-ն ավելի նախընտրելի են Հայաստանում, քանի որ ի տարբերություն Moderna-ի ու Pfizer-ի պատվաստանյութերի, դրանք չեն պահանջում պահպանման ու տեղափոխման համար հատուկ պայմաններ:

XS
SM
MD
LG