Մոսկվայից 100 կմ դեպի արեւելք գտնվող բանտում է գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր քննադատ Ալեքսանդ Նավալնին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գաղտնազերծել է հետախուզության այն տվյալները, որոնց համաձայն Նավալնիի թունավորումը կազմակերպել է Մոսկվան: Վաշինգտոնն այդ պատճառով հայտարարում է Ռուսաստանի 14 սուբյեկտների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարության ավագ յոթ պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սկսելու մասին:
‘’Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և պատերազմի վերացման մասին օրենքով սահմանված պատժամիջոցների ընդլայնում, կենսաբանական և քիմիական նյութերի արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արտահանման նոր սահմանափակումներ և մուտքի արտոնագրերի սահմանափակումներ’’. Այսպես է պատժամիջոցները նկարագրել Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, որը մեկ անգամ եւս կրկնել է Նավալնիին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջը:
ԱՄՆ-ի պատժամիջոցները համակարգված են Եվրոպական միության գործընկեր պետությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի հետ, սակայն ուղղված չեն հենց ընդդեմ նախագահ Պուտինի կամ նրա ներքին օղակի օլիգարխների:
Ինչպես Չիկագոյի համալսարանի ռուս տնտեսագետ վերլուծաբան, պրոֆեսոր Կոնստանտին Սոնինն է ասում, ‘’Ռուսաստանը հսկա պետություն է, որն ունի աշխարհի տարբեր հատվածներում իր ազդեցությունը ցուցադրելու հնարավորություններ: Այնպես որ, ես հասկանում եմ, որ այն ինչ Բայդենի վարչակազմը կարող էր անել, պարզապես ինչ որ ազդանշան ուղարկելն էր: Սա իրականում ուժեղ ազդանշան էր, սակայն պետք է ընդունել, որ պարզապես ազդանշան էր: Այսինքն այն մի երեւույթ է, որն իրականում չի կարող լինել նյութական ազդեցության գործոն’’:
‘’Ամերիկայի Ձայն’’-ի հարցին պատասխանելով` Ջեն Փսակին ասել է, որ ‘’Ռուսաստանը Իրանի հարցով 5+1 ձեւաչափով պայմանագրի կարեւոր կողմ է, եւ կարող է շարունակել Իրանի հետ միջուկային միջազգային պայմանագրում իր կարեւոր դերը: Այնպես որ, կան բնագավառներ, որտեղ առկա են լուրջ մարտահրավերներ, սակայն կան նաեւ բնագավառներ, որտեղ մենք պիտի շարունակենք աշխատանքները Ռուսասատնի հետ’’:
Ջո Բայդենը հայտարարում է, թե ի հակադրություն իր նախորդի, ինքն այլեւս չի հանդուրժելու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, այդ թվում ընտրություններում միջամտությունը, կիբերհարձակումները ու քաղաքացիներին թունավորելու գործողությունները: Բայց ահա վերլուծաբանները բացատրում են, որ Բայդենը Ռուսաստանի հարցում այնուամենայնիվ պիտի թողնի տեղ երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցերում համագործակցելու համար:
Թե որքան դա կհաջողվի, ցույց կտան հետագա զարգացումները: Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվային, ապա այն հայտարարել է, որ իր դեմ իրականացվելիք պատժամիջոցներն արժանանալու են հակադարձ քայլերի: