Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը

Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին:

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:

Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:

"Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա",- ասել է Դյուջարիկը:

Facebook Forum

XS
SM
MD
LG