Մատչելի հղումներ

Վաշինգտոնը հորդորում է Երևանին անհապաղ հստակություն մցնել Իրանում հայտնված Boeing 737 ինքնաթիռի հարցում


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ի պատասխան Ամերիկայի ձայնի հարցման Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ վերաբերյալ, որը հայտնվել է Իրանում, նշել է.

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը չպարզված հանգամանքներում հայտնվել է Իրանում: Կասկածներ են հնչել, որ այն առևանգվել է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տրամադրել է իր մեկնաբանությունը այս առիթով: Կոմիտեի հայտարարության մեջ ասված է. «2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն», ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG