Հայաստանում փետրվարի 25-ը սկսվեց ներքաղաքական լարված իրադարձություններով, երբ զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջով: Դրան հաջորդեց ՀՀ վարչապետի խոսքը, ըստ որի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ ժողովրդին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում:
ՀՀ վարչապետն ավելի ուշ կայացրեց ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում: Որոշումն ուղարկվել է երկրի նախագահի գրասենյակ: Նախագահ Արմեն Սարգսյանն այն դեռեւս չի ստորագրել:
Ըստ Սահմանադրության, հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:
Նախագահ Արմեն Սարգսյանը գրել է. ‘’Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը’’:
Ըստ այս հայտարարության, ՀՀ նախագահը հրատապ քայլեր է նախաձեռնում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։
Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը ‘’Իմ քայլը’’ խմբակցությունը համարում է ժողովրդի իշխանությունը զավթելու եւ պետությունը ցնցումների ենթարկելու փորձ:
Հայաստանյան ներքին լարված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել Մոսկվան: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմը մեկ անգամ եւս ընդգծել է, որ իրավիճակը համարում են Հայաստանի ներքին գործը և հույս ունեն, որ այն խաղաղ հանգուցալուծում կունենա:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից հրապարակված հայտարարությունը կողմերին խրախուսում է հանդես բերել հանգստություն, զսպվածություն, և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը:
‘’Միացյալ Նահանգները, ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները՝ շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին’’, ասված է ԱՄՆ-ի դեսպանության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Հայաստանում լարվածությունը մեղմելու հորդորներով է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
‘’’Լուսավոր Հայաստան’’ կուսակցության խորհրդի հայտարարությունը շեշտում է երկրում գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և հարկավոր է իրականացնել ‘’անցնցում իշխանափոխություն’’:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում մարդկանց չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ‘’ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները’’, ասված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ:
Երբ Ազատության հրապարակում ցույցի էին պատրաստվում արտախորհրդարանական կուսակցություններն ու նրանց աջակիցները, հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`հորդորելով պահպանել հասարակական կարգը: Այն կոչ արեց իշխանամետ ու իշխանության հրաժարականը պահանջող ցույցերի մասնակիցներին ‘’չտրվել տարաբնույթ սադրանքների’’:
Էջմիածնից ստացված լուրերի համաձայն, Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարել իրավիճակի հետագա սրումը, եւ` կոչ արել ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր հայտարարությամբ նախազգուշացրել է, որ հակասահմանադրական գործընթացի յուրաքանչյուր սանձազերծում արժանանալու է ամենախիստ իրավական գնահատականների, որ դրանք սադրողները հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:
ՀՀ ազգային ժողովի ‘’Բարգավաճ Հայաստան’’ և ‘’Լուսավոր Հայաստան’’ խմբակցություններն ավելի ուշ հայտարարեցին, որ ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք:
ԲՀԿ-ն պնդում է, որ Նիկոլ ‘’Փաշինյանն ունի քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու վերջին մի հնարավորություն’’:
Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:
‘’Աշխարհի որ հատվածում էլ լինի հեղաշրջում, մենք դատապարտում ենք: Ոչ միայն բանակի օգնությամբ կառավարության տապալումը, այլև նույնիսկ դրա կոչն է անընդունելի’’,-ասել է Չավուշօղլուն:
Այս ընթացքում, երբ Հանրապետության հրապարակում անցկացվում էր կառավարությանն աջակցող հանրահավաքe, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին հրամայեց զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ շեշտելով, որ բանակը չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրեց, որ երկրի զինված ուժերը լիարժեք կերպով իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը:
‘’Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը’’, ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է ‘’Հայրենիքի փրկության շարժման’’-ը, ապա այս շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իրավիճակի հանգուցալուծման շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու միայն մեկ բան ունեն: Այն է՝ ‘’քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից’’:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում: Դիմելով իր համակիրներին՝ Փաշինյանը նշեց, որ այսօրվա առաքելությունն իրենք կատարեցին՝ արձանագրելով տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը:
‘’Դիրքորոշումը հետևյալն է՝ հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է դիմում գրի հեռանալու վերաբերյալ’’:
Փաշինյանը հայտարարեց. ‘’Այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք, և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով’’:
Ավելի ուշ ստացված հաղորդագրությունների համաձայն, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջեւ: Նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ: