Մատչելի հղումներ

Նախագահ Բայդըն. Մենք պետք է «արագ գործենք»՝ ամերիկացիներին օգնելու համար


Նախագահը կարծում է, որ տնտեսական օգնության նոր փաթեթը պետք է հնարավորինս շուտ հաստատվի

Նախագահ Ջո Բայդընը ուրբաթ օրը հայտարարեց, որ իր վարչակազմը պետք է «արագ գործի»՝ Կոնգրեսի միջոցով նոր տնտեսական օգնության փաթեթն ընդունելու համար, նույնիսկ եթե հանրապետականները դեմ հանդես գան դրան, քանի որ շատ ամերիկացիներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և հուսահատության եզրին:

«Ես ահռելի ցավ եմ տեսնում այս երկրում, շատ մարդիկ գործազուրկ են, շատ մարդիկ քաղցած են մնում», - ասել է Բայդընը Սպիտակ տանը: «Հավատում եմ, որ ամերիկացի ժողովուրդը հենց այս պահին դիմում է իր կառավարությանը օգնության համար ... այնպես որ ես կգործեմ արագ:»:

Բայդընն ասել է, որ իրեն անհրաժեշտ է երկկուսակցական աջակցություն 1,9 տրիլիոն դոլարի փաթեթը ընդունելու համար, որը կուղղվի կորոնավիրուսի պատվաստանյութերի տարածմանը և ամերիկացիներին տնտեսական օգնության տրամադրմանը, ներառյալ 1400 ԱՄՆ դոլարի ուղղակի տնտեսական օգնություն:

Այնուամենայնիվ, նախագահը շեշտեց, որ իր առաջնահերթությունը մնում է երկրի փրկությունը:

«Ես կցանկանայի դա անել հանրապետականների աջակցությամբ ... բայց նրանք պարզապես չեն ցանկանում գնալ այնքան հեռու, որքան կարծում եմ, որ պետք է (գնան)», - ասաց Բայդընը: «Ես իսկապես հավատում եմ, որ իրական օգնությունը ճանապարհին է»:

Ուրբաթ վաղ առավոտյան ԱՄՆ Սենատը հաստատեց Դեմոկրատական կուսակցության բյուջեի նախագիծը: Դա Բայդընի վարչակազմին հնարավորություն կտա առաջիկայում հասնել տնտեսական օգնության փաթեթի հաստատմանը Կոնգրեսի կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG