Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը դատապարտում է Նավալնիին ազատազրկելու մասին դատավճիռը


Անտեսելով բողոքի ցույցերը` Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ կայացվեց 3.5 տարվա ազատազրկման մասին դատավճիռ:

Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթընի Բլինքընը:

Հայտարարության մեջ ասված է.

‘’Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երկու տարի ութ ամիս ազատազրկման դատապարտելու մասին իշխանությունների որոշմամբ: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, պարոն Նավալնին նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, իսկ Ռուսաստանը ունի օրենքի առջև բոլորի հավասարությունը հարգելու միջազգային պարտավորություն` խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները:

Մենք կրկնում ենք մեր կոչը, որ Ռուսաստանի կառավարությունը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի պարոն Նավալնիին, ինչպես նաև Ռուսաստանի հարյուրավոր այլ քաղաքացիների, որոնք վերջին շաբաթներին անօրինականորեն կալանավորվել են իրենց իրավունքները, այդ թվում խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին իրավունքն իրականացնելու պատճառով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) եզրակացրել է, Նավալնիի 2014 թ. դատավճիռը, որը նոր պատժի կայացման հիմքն էր, «անօրինական և կամայական» է և ուղորդվում է «քաղաքական դրդապատճառներով»: Պրն. Նավալնիի դեմ ընթացիկ դատավարությունը, որը սկսվել է հունվարի 17-ին նրա կալանավորմամբ,, շարունակությունն է նրա իրավունքները ոտնահարելու և քաղաքական բազմակարծությունը ճնշելու ջանքերի, այնպես, ինչպես նախկինում հայտարարել էր ՄԻԵԴ-ը:

Նույնիսկ այսօր, երբ ԱՄՆ-ի շահերից ելելով, համագործակցում ենք Ռուսաստանի հետ, մենք սերտորեն կհամակարգենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ մեր գործողությունները`իր քաղաքացիների իրավունքները չպաշտպանելու պատճառով՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար’’:

XS
SM
MD
LG