Ջո Բայդընն այսօր սկսում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջին ամբողջական շաբաթը: Շաբաթ, որի ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին հոդվածը Ներկայացուցիչների պալատից ուղարկվելու է Սենատ: Այստեղ, որպես ատենակալներ երդում կտան սենատորները, որից երկու շաբաթ անց կսկսեն դատավարությունը:
Սակայն երկրի տարբեր շրջաններում խորը պառակտումներ են առկա ժողովրդի մեջ այն հարցում, թե ինչ էր Թրամփն ասել մինչեւ հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ իրականացված գրոհը: Մարդկանց մոտ չկա համաձայնություն նաեւ նախագահական ընտրությունների արդյունքի շուրջ: Չնայած Թրամփի կողմնակիցները պնդում են, որ եղել են կեղծումներ հօգուտ Բայդընի, այս հարցով ներկայացված որեւէ հայց չի տարել հաղթանակ դատարաններում:
Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը եւս հավատացած է, որ կան կեղծումների մասին փաստեր, եւ կոչ է անում սկսել մանրազննին քննություն:
Ինչեւէ, իմփիչմենթի դատավարությունն ԱՄՆ-ում մտադիր են անցկացնել այն ժամանակահատվածում, երբ Բայդընի վարչակազմը դեռեւս շատ այլ անելիքներ ունի Կոնգրեսի հետ, երբ համավարակն էլ շարունակում է արագ տարածվել ԱՄՆ-ում:
Սակայն դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարն այն սենատորներից է, որոնք հավատացած են, որ նույնիսկ այս գերծանրաբեռնված օրերին է հնարավոր անցկացնել իմփիչմենթի հարցով դատավարությունը:
ԱՄՆ-ում մինչ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 25 դեպք: Կովիդ հիվանդությանն այստեղ զոհ գնացածների թիվը հասել է 420 հազարի:
Համավարակի դեմ պայքարի շրջանակներում Բայդընը ստորագրել է դաշնային հաստատություններում, քաղաքային ավտոբուսներում ու մետրոյում, ինչպես նաեւ օդանավակայաններում ու ինքնաթիռների մեջ դիմակ կրելու պարտավորությունների մասին հրաման: