Մատչելի հղումներ

Ինչ կտան դեմոկրատ Սպիտակ տունը, Ներկայացուցիչների պալատն ու Սենատը


Ջո Բայդընին, որպես ԱՄՆ-ի նախագահ, տրված է երկիրը կառավարելու դժվարին ժամանակահատված, քանի որ այստեղ տիրում է մասնատվածությունը: Սակայն 46-րդ նախագահի համար մխիթարական է այն փաստը, որ իր կուսակից դեմոկրատները վերցնում են նաեւ Սենատը: Կոնգրեսի վերին պալատի նախագահությունն էլ նորից ստանձնում է դեմոկրատ Չաք Շումերը, որը խոստանում է լուծել առողջապահական ու տնտեսական բնագավառներում առկա խնդիրները, հարթել ռասայական հարցերում մարտահրարվերները:

Սրանք դյուրին կերպով լուծելու խնդիրներ չեն, սակայն այն փաստը, որ ե՛ւ Սպիտակ տունը ե՛ւ Կոնգրեսի զույգ պալատները գտնվում են դեմոկրատների վերահսկողության ներքո, խոսում է այն մասին, որ այդ խնդիրներն անհաղթահարելի չեն:

Սակայն խնդիրն այն է, որ դեմոկրատները մեծամասնություն են կազմում ձայների շատ փոքր տարբերությամբ: Սա նշանակում է, որ հանրապետականներն ունեն այն օրինագծերի ընդունումը խոչընդոտելու հնարավորություն, որոնց համար Սենատում պահանջվում է ձայների առնվազն 60 տոկոսը:

Հիմա առաջնային խնդիրը կորոնավիրուսի դեմ պայքարն է: Սենատն էլ պիտի զբաղվի բարձր պաշտոններում Բայդընի նշանակումները հաստատելու գործով:

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Սենատում իմփիչմենթի հարցով դատելուն, դեմոկրատները դա կարող են անել միայն այն դեպքում, եթե հանրապետականներից գոնե 17-ը կողմ լինեն դրան: Սենատում եւս իմփիչմենթի ենթարկվելու դեպքում Թրամփը կզրկվի նախագահական ընտրություններում երբեւէ իր թեկնածությունը դնելու կամ դաշնային կառավարությունում որեւէ պաշտոն ստանձնելու իրավունքից:

XS
SM
MD
LG