Ակնկալվում է, որ կիրակի օրը Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում նահանգային օրենսդիր մարմինների մոտ տեղի կունենան հավաքներ ՝ ի պաշտպանություն չհիմնավորված պնդումների, որ ընտրակեղծիքները խանգարեցին Դոնալդ Թրամփի վերընտրությանը նախագահի պաշտոնում: Իրավապահ մարմինները պատրաստվում են բռնության հնարավոր դրսևրումներին:
Առնվազն տաս նահանգ դիմել է ազգային գվարդիայի զորքերի օգնությանը՝ անվտանգության ապահովման համար այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն նախազգուշացրեց հնարավոր զինված ելույթների մասին:
Շաբաթ օրը տարբեր վայրերում տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների ցույցեր, սակայն նահանգային օրենսդիր մարմինների մոտ մթնոլորտը հիմնականում եղել է հանգիստ: Իշխանությունները սակայն չեն բացառում, որ կիրակի օրը վիճակը լարվի, քանի որ հակակառավարական ՛՛Բուգալու՛՛ շարժումն այդ օրը նախատեսում է բողոքի ցույցեր բոլոր 50 նահանգներում:
Շատ նահանգներում արգելափակվել են դեպի օրենսդիր մարմինների շենքեր տանող ճանապարհները, իսկ Թեքսասը և Քենթակին ավելի հեռուն են գնացել ՝ ընդհանրապես փակելով նահանգային Կապիտոլիումի տարածքները հանրային մուտքի համար:
Միեւնույն ժամանակ Վաշինգտոնի կենտրոնը գործնականում դատարկ էր: Կոնգրեսի տարածքում փակվել են փողոցները, իսկ ազգային գվարդիայի ուժերը դիրքավորվել են Վաշինգտոն մայրաքաղաքի տարբեր կետերում:
Կոնեկտիկուտը ևս ապավինել է ազգային գվարդիայի ուժերի օգնությանը՝ նախապատրաստվելով Թրամփի կողմնակիցների մինչև 2000-ոց հանրահավաքին Հարթֆորդի Կապիտոլիումի մոտակայքում, նշել է նահանգի ոստիկանության խոսնակը:
«Մենք պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը», - ասաց ազգային գվարդիայի անդամ Պեդրո Մունիսը ՝ նշելով, որ որևէ հատուկ սպառնալիք չկա: «Մենք չենք հանդուրժելու բռնության որևէ գործողություն»:
Անվտանգության միջոցառումներն ամբողջ երկրում խստացվել են հունվարի 6-ին Վաշինգտոնում ծայրահեղականների և Թրամփի կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա հարձակումից հետո: Մասնակիցներից ոմանք կոչ էին անում սպանել փոխնախագահ Մայք Փենսին, ով նախագահում էր Ջո Բայդենի ընտրության վավերացման նիստը:
ՀԴԲ-ն և այլ դաշնային ծառայություններ նախազգուշացրել են հնարավոր բռնությունների մասին, քանի որ ծայրահեղականները ցանկանում են օգտվել Թրամփի կողմնակիցների հիասթափությունից, ովքեր հավատացած են, որ ընտրությունները կեղծվել են:
Որոշ ծայրահեղական կազմակերպություններ կոչ են արել իրենց կողմնակիցներին այս հանգստյան օրերին մնալ տանը ՝ անվտանգության խստացված միջոցառումների պատճառով: Կարծիք է հնչել, որ նախատեսված միջոցառումները կարող են ծուղակ լինել իրավապահների կողմից:
Facebook Forum