Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմի շատ աշխատակիցներ կվերադառնան պետքարտուղարություն


Բայդենի նշանակումները երկրի արտաքին գործերի գերատեսչությունում ազդարարում են այն մասին, որ ԱՄՆ-ը վերադառնում է իր նախկին դիվանագիտական ​​ռազմավարությանը

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար անձնակազմում կնշանակի մի շարք նախկին կարիերային դիվանագետներին և Օբամայի վարչակազմի նախկին պաշտոնյաներին: Կադրային այս որոշումները վկայում են այն մասին, որ Բայդեն-Հարիս վարչակազմը մտադիր է վերադառնալ ԱՄՆ-ի՝ նախքան Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գծին, նշում է Associated Press-ը:

Անցումային թիմի տեղեկության համաձայն, Բայդենը մտադիր է նշանակել Ուենդի Շերմանին պետքարտուղարի տեղակալ, իսկ Վիկտորիա Նուլանդին՝պետքարտուղարի տեղակալ քաղաքական հարցերով, հայտարարել է անցումային խմբի խոսնակը: Այսպիսով, Նուլանդը կդառնա պետքարտուղարության երրորդ ամենակարեւոր ղեկավարը:

Բայդենի թիմի խոսնակը հավելեց, որ շաբաթ օրը նորընտիր նախագահը առաջ է քաշել պետքարտուղարության բարձրաստիճան 11 պաշտոնների թեկնածություններ: Աղբյուրը իրավասու չէր քննարկել հնարավոր նշանակումները նախքան նրանց պաշտոնական հայտարարությունը, և այդ պատճառով խոսեց Associated Press- ի հետ` անանուն մնալու պայմանով:

Պետքարտուղարությունում Բայդենի թիմի նշանակման համար առաջարկված պաշտոնյաներից են Բրայան Մաքքեոնը` Բայդենի Սենատի նախկին օգնականը, ով կդառնա պետքարտուղարի տեղակալ կառավարման գծով,

Օբամայի վարչակազմի և պետքարտուղարության նախկին աշխատակից Բոնի Ջենքինսը, ով նշանակվելու է զենքի վերահսկման հարցերով պետքարտուղարի տեղակալ,

կարիերային դիվանագետ Ուզրա Զեան, ով աշխատել է պետքարտուղարությունում մինչև 2018 թվականը, իսկ այժմ կդառնա պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ,

արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, ԱՄՆ-ում գերմանական Մարշալի ֆոնդի անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործադիր փոխնախագահ Դերեք Չոլլեն, ով կնշանակվի պետքարտուղարի խորհրդական,

ՄԱԿ-ի նախկին աշխատակից Սալման Ահմեդը, ում կնշանակեն պետքարտուղարության ծրագրման քաղաքականության տնօրեն,

Նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախկին ավագ օգնական Սյուզի Ջորջն էլ կնշանակվի պետքարտուղար Բլինկենի աշխատակազմի ղեկավար:

Օբամայի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ԿՀՎ-ի պաշտոնյա Նեդ Փրայսը, ով Թրամփի վարչակազմի առաջին օրերին ի նշան բողոքի հրաժարական տվեց, կստանձնի պետքարտուղարության պաշտոնական խոսնակի պաշտոնը: Նրա տեղակալը կդառնա Ջալինա Փորթերը, ով այժմ աշխատում է հեռացող կոնգրևեսական Սեդրիկ Ռիչմոնի աշխատակազմում: Աղբյուրները նշում են, որ Փրայսը և Փորթերը մտադիր են վերադառնալ պետքարտուղարության լրագրողների համար ամենօրյա ճեպազրույցներ անցկացնելու ավանդույթին, որոնք չեղարկվել էին Թրամփի վարչակազմի օրոք:

Օբամա-Բայդեն վարչակազմի նախկին պաշտոնյա Ջեֆրիկ Փրիսքոթը առաջադրվել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնում: Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կղեկավարի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչությունը:

Մի շարք թեկնածուներ դեռևս միայն առաջադրված են և պետք է ստանան Սենատի հավանությունը՝ պաշտոնում նշանակվելու համար:

Փորձագետների կարծիքի համաձայն, պետքարտուղարությունում այս նշանակումները վկայում են, որ Բայդենի վարչակազմը մտադիր է հետ կանգնել «Ամերիկան առաջնային է» Թրամփի վարչակազմի քաղաքական ուղեգծից և հեռացող վարչակազմի մոտեցումներից միջազգային հարաբերություններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG