Մատչելի հղումներ

Մի շարք հրաժարականներ` նախագահ Թրամփի վարչակազմում


Էլեն Չաո
Էլեն Չաո

Կապիտոլիումի շուրջ դեպքերից հետո նախագահ Թրամփի վարչակազմի մի շարք անդամներ հանդես եկան պաշտոնից հեռանալու հայտարարություններով: Նրանց թվում են Թրամփի մերձավորները

ԱՄՆ կրթության նախարար Բեթսի ԴեՎոսը դարձավ Դոնալդ Թրամփի կառավարության երկրորդ անդամը, ով հայտարարեց իր հրաժարականի մասին:

ԴեՎոսը Թրամփին ուղղված նամակում Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած բռնությունը որակել է «անամոթություն»:

«Կասկած չկա, թե ինչ ազդեցություն ունեցավ Ձեր հռետորաբանությունն այս իրավիճակի վրա, և սա բեկումնային պահ դարձավ ինձ համար», - գրել է ԴեՎոսը` ավելացնելով, որ հրաժարական տալու որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 8-ից:

ԴեՎոսի հրաժարականին մի քանի ժամ առաջ նախորդել էր տրանսպորտի նախարար Էլեյն Չաոյի հրաժարականի մասին հայտարարությունը:

Նա հայտարարեց իր հրաժարականի մասին ՝ դառնալով Թրամփի կաբինետի առաջին անդամը, ով լքեց պաշտոնը գործող նախագահի կողմնակիցների կողմից Կապիտոլիումում իրականացված անկարգությունների արդյունքում:

Էլեն Չաոն Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելի կինն է: Նա ասել է, որ իրեն «խորը անհանգստություն են պատճառել» բռնության տեսարանները Կապիտոլիումի շենքից: Նա շեշտել է, որ բռնությունը հրահրել է Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը:

«Երեկ մեր երկիրը վերապրեց տրավմատիկ մի իրադարձություն, որից հնարավոր էր խուսափել: Նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք ցույցից հետո, որի ընթացքում (Թրամփը) դիմեց նրանց», - ասված է Չաոյի հայտարարության մեջ:

Հինգշաբթի կեսօրին Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Միք Մալվենին հայտարարեց Հյուսիսային Իռլանդիայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնից իր հրաժարականի մասին ՝ բացատրելով, որ Կապիտոլիումի անկարգություններից հետո ինքը «չի կարող մնալ» Սպիտակ տանը:

Նրա հայտարարությունից անմիջապես հետո հրաժարական ներկայացրեց հետախուզության և անվտանգության հարցերով առևտրի փոխնախարար Ջոն Կոստելլոն:

Նախօրեին՝ չորեքշաբթի օրը իր հրաժարականի մասին էր հայտարարել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը, ով Չինաստանի հարցերով քաղաքականություն մշակող առաջատար դեմքերից է: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, իր որոշումը կապված է Կապիտոլիումի անկարգությունների հետ:

Իր հերթին, գործող նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հինգշաբթի օրը տարածված տեսաուղերձով դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները, որոնք, ըստ նրա, «պղծել են ամերիկյան ժողովրդավարության կենտրոնը» ՝ խռովություն կազմակերպելով Կապիտոլիումի շենքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG