Թեև չորեքշաբթի երեկոյան Թրամփի հազարավոր աջակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք և բախվեցին իրավապահ օրենսդիրների հետ, այնուամենայնիվ օրենսդիրներն ուշ գիշերին վերադարձան աշխատանքի ՝ հաշվելու և հաստատելու ընտրական կոլեգիայի ձայները: Արդյունքում, նրանք հաստատեցին նոյեմբերյան ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդընի հաղթանակը:
"Մենք կհաստատենք 2020 թ. Նախագահական ընտրություններում հաղթողին",- ասել էր Սենատի մեծամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը:
Փոխնախագահ Մայք Փենսը, Սենատի նախագահի իր պաշտոնի շրջանակներում, կրկին գումարեց Կոնգրեսի համատեղ նստաշրջանը կտրուկ տարհանվելուց ժամեր անց, երբ ցուցարարները շրջում էին շենքում և` առճակատումներ ունենում Կապիտոլիումի ոստիկանության հետ:
"Այսօր մութ օր էր Միացյալ Նահանգների Կապիտոլիումի պատմության մեջ: Բայց ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության, դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինների արագ ջանքերի շնորհիվ բռնությունը ճնշվեց",- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:
Պալատի ավելի քան հարյուր հանրապետական անդամներ և 14 հանրապետական սենատորներ նախապես ծրագրել էին արգելափակել Բայդընի հաղթած վեց նահանգներում ընտրողների ձայների սերտիֆիկացումը:
«Նրանց համար, ովքեր մտահոգված են մեր ընտրությունների ամբողջականության վերաբերյալ, նրանց համար, ովքեր մտահոգված են նոյեմբերին տեղի ունեցածի կապակցությամբ, դա համապատասխան միջոցն է",- ասել էր հանրապետական սենատոր Ջոշ Հոլլին:
Սակայն չորեքշաբթի օրը տեղի ունեցած բռնությունից հետո մի քանի սենատորներ և ներկայացուցիչներ հետ վերցրեցին իրենց առարկությունները: Ի դեպ, Կապիտոլիումը Թրամփին աջակից ամբոխի կողմից գրոհի ենթարկվելու արդյունքում ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ մի կին էր սպանվել:
"Այսօր տեղի ունեցած իրադարձությունները ինձ ստիպեցին վերանայել իմ որոշումը: Եվ ես այժմ չեմ կարող առարկել այս ընտրությունների հավաստագրմանը",-ասել է հանրապետական սենատոր Քելի Լոֆլերը:
Վիլմինգթոնից Բայդենը դատապարտեց բռնությունը և կտրուկ քննադատեց Թրամփին:
"Ես նախագահ Թրամփին կոչ եմ անում կատարել իր երդումը և պաշտպանել սահմանադրությունը, ազգային հեռուստատեսությամբ՝ պահանջել դադարեցնել այս պաշարումը",- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդընը:
Թրամփը Twitter-ում տեսանյութ էր տեղադրել՝ հանդարտության կոչով, բայց շարունակել էր իր անհիմն պնդումները, որ ընտրությունները ''գողացել'' են:
"Անարդար ընտրություններ էին, և դա բոլորը գիտեն, հատկապես մյուս կողմը: Բայց հիմա պետք է տուն գնալ",- ասել է Թրամփը:
Twitter-ը և Facebook-ը, առաջին անգամը լինելով, արգելափակեցին Թրամփի հաշիվները իրենց քաղաքականությունը խախտող հաղորդագրությունների համար: Օրվա սկզբին նախագահը հորդորել էր աջակիցներին երթով շարժվել դեպի Կապիտոլիում:
"Սրանից հետո մենք քայլելու ենք ներքև, և ես այնտեղ կլինեմ ձեզ հետ",- ասել էր Թրամփը, հորդորելով "ազատվել թույլ կոնգրեսականներից":
"Նա բռնություն է հրահրել: Նա ցուցարարներին հռետորությամբ էր առաջնորդում, նույնիսկ եթե ֆիզիկապես ներկա չէր",- ասում է Թեքսասի A&M համալսարանից Ջեննիֆեր Մերսիեքան:
Պալատի տասնյոթ դեմոկրատներ խնդրում էին փոխնախագահին դիմել Թրամփին պաշտոնանկ անելու 25-րդ ուղղմանը, ինչը դժվար թե տեղի ունենա նախագահի լիազորությունների ավարտից երկու շաբաթ առաջ:
"25-րդ փոփոխությունն իրականում վերաբերում է ֆիզիկական կամ բժշկական իմաստով ծառայելու անկարողությանը: Դա նախագահի բարոյական պատրաստվածության մասին չէ",- ասում է Չիկագոյի համալսարանից Ազիզ Հուքը:
Այսպիսով, Ջո Բայդընը հունվարի 20-ին պաշտոնապես կստանձնի ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը:
"Ինձ չի հուզում իմ անվտանգությունը, կամ երդմնակալության արարողությունը: Ես չեմ մտահոգվում",- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը: