Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ընթացող Դոնալդ Թրամփի աջակիցների հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ ճեղքեցին մետաղական արգելապատնեշները և ներխուժեցին Կոնգրեսի շենք, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյուքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր ի օգուտ Ջո Բայդենի:
Ըստ ‘’Վաշինգտոն Փոստ’’-ի ՝ մի քանի հարյուր ցուցարարներ ժամը 13:00-ի սահմաններում ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ տապալելով արգելապատնեշները: Ականատեսների վկայությամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության միջև սկսվեցին բախումներ, Կոնգրեսի համատեղ նիստը դադարեց: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի նախագահ Ջեյմս Մաքգովերը լրագրողներին հայտնեց, որ Կոնգրեսը շուտով նիստը կվերսկսի: Բայց իրավիճակը արագ դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները կոտրում Կոնգրեսի շենքի ապակիները և ներխուժում շենք: Reuters- ի փոխանցմամբ ՝ Կոնգրեսի շենքի ներսում լսվել են կրակոցներ: Առնվազն երկու մարդ վիրավորվել է: Ավելի ուշ չհաստատված հաղորդագրություններ եղան լուրջ հրազենային վնասվածք ստացած մի կնոջ մասին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փոխնախագահ Մայք Փենսը, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը և մի քանի այլ օրենսդիրներ անմիջապես տարհանվել են շենքից:
Ականատեսների վկայությամբ ՝ ցուցարարները, ներխուժելով Կոնգրես, հնչեցնում էին Թրամփին սատարող կարգախոսներ ու ծածանում ամերիկյան դրոշներ: Հայտնի է, որ բախումների ժամանակ Կոնգրեսի շենքում ոստիկանությոնը կիրառեց արցունքաբեր գազ: Իրավապահները առաջարկել են Ներկայացուցիչների պալատի դահլիճում գտնվող կոնգրեսականներին հագնել գազի դիմակներ: Արդյունքում, ոստիկանությանը հաջողվեց դուրս բերել ցուցարարներին Սենատի նիստերի դահլիճից:
Նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ով դիմել է իր աջակիցներին ՝ խնդրելով նրանց «լինել խաղաղ» և չբախվել իրավապահների հետ: Այնուհետև նա հանդես է եկել կարճատև տեսաուղերձով՝ ուղղված իր կողմնակիցներին, ուր կրկին շեշտել է, որ ընտրությունները կեղծված են և գողացված իրենից և իր աջակիցներից: Նա, սակայն, ընդգծել է, որ այս դժվարին պահին անհրաժեշտ է խաղաղություն և կոչ արել իր կողմնակիցներին վերադառնալ տուն: Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքքենանը Twitter- ում գրառում է կատարել այն մասին, որ նախագահը հանձնարարել է Ազգային գվարդիային և այլ դաշնային իրավապահ մարմիններին օգնել Կոնգրեսի ոստիկանությանը կարգուկանոն հաստատելու հարցում:
Տեսաուղերձով հանդես է եկել նաև նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով տեղի ունեցածը որակել է ՛՛հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ՛՛, իսկ անկարգույթունների մասնակիցներին՝ անօրինականությամբ զբաղվող ՛՛էքստրիմիստներ՛՛: Նա կոչ է արել Թրամփին տեսաուղերձով դիմել իր կողմնակիցներին՝ անկարգությունները դադարեցնելու համար, իսկ ցուցարարներին՝ հետ կանգնել իրենց գործողություններից և թույլ տալ, որ գործի ժողովրդավարությունը:
Փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել բռնությունները՝ խնդրելով Թրամփի կողմնակիցներին հարգալից վերաբերմունք ցուցաբերել ոստիկանության նկատմամբ և լքել Կոնգրեսի շենքը: Թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ բոլոր ամերիկացիները ունեն խաղաղ բողոքի ցույցի իրավունք, բայց Կոնգրեսի վրա հարձակումն անընդունելի է, և յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է այս արարքին, պատասխանատվության կենթարկվի օրենքի ուժով, ասել է փոխնախագահը:
Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ թվիթերում գրել են, որ ստիպված են թաքնվել իրենց գրասենյակներում, իսկ Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերն անկարգությունների պատճառով Կոլումբիայի շրջանում հայտարարել է պարետային ժամ, որը կսկսվի երեկոյան ժամը 18:00-ից մինչև հինգշաբթի առավոտյան ժամը 6:00-ը:
Facebook Forum