Մատչելի հղումներ

Կրքերը բորբոքվում են Մերձավոր Արեւելքում ընդդեմ Իրանի


Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղարկել է ռազմական իր ավիակիրը Մերձավոր Արեւելքից ԱՄՆ տեղափոխելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ը հանդես է եկել Իրանի հետ լարվածության սրման պայմաններում: Ինչպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլերն է ասել. ‘’USS Nimitz ավիակիրը տեղում պահելու որոշումը կայացվել է Իրանի ղեկավարների կողմից ԱՄՆ-ի նախագահ Թրամփի եւ կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների նկատմամբ հնչող սպառնալիքների պատճառով’’: Նրա խոսքերով, որեւէ մեկը չպետք է կասկածի ԱՄՆ-ի հաստատակամությանը’’:

Իրանի ռազմական բարձրագույն հրամանատարներից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցի օրը Թեհրանում հնչել էին ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի դիմելու վճռականության մասին խոսքեր, ինչից հետո ամերիկյան B-52 տիպի հեռահար ծանր կործանիչները թռիչքներ էին իրականացրել այստեղ, Պարսից ծոց էր ուղարկվել միջուկային մի սուզանավ:

Որպես լարվածության ու աստիճանաբար սրվող իրադրության մեկ այլ փաստ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրամայել է սկսել ուրանը մինչեւ 20 տոկոսի հարստացման աշխատանքներ:

Եվրոպական միության խոսնակը երկուշաբթի օրն ասել է, թե ուրանի նման հարստացումը ոտնահարում է այս երկրի հետ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագիրը: Հիշեցնենք, որ Թրամփի հրամանով էլ այդ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս էր բերվել միակողմանիորեն: Եվրոպական միությունը հայտարարում է, որ շուտով հատուկ հայտարարությամբ է հանդես գալու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավարը:

Իրանը չի ձգտում ԱՄՆ-ի դեմ պատերազմի, ասում են Իրանի քաղաքական գործիչներն ու փորձագետները: Սակայն, ասում են նրանք, Թեհրանը պատասխան կտա ռազմական որեւէ սպառնալիքի` տարածաշրջանում ամերիկյան բազաների դեմ ռազմական հարձակումներով:

Իրանը բողոքում է ամերիկյան B-52 տիպի կործանիչների թռիչքների եւ Հորմուսի նեղուցում ամերիկյան ռազմանավերի առկայության դեմ: Այս զարգացումների հենքի վրա Իրանի Իսլամական հեղափոխական պահակազորի հրամանատար Հոսեին Սալամին էլ այց է կատարում Աբու Մուսայի կղզի, որը Պարսից ծոցում համարվում է ռազմավարական ամենակարեւոր կետը: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Իրանի ռազմական զորամիավորումներում:

Ինչպես իրանցի քաղաքական վերլուծաբան Հոսեին Մողադամն է ասում, այս քայլով Իրանը նախազգուշացում է հղում այն մասին, որ այստեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սուզանավերի տեղակայումը եւ B-52-ի թռիչքները ‘’սադրանքներ են, որոնք կարժանանան Իրանի հրանոթային հուժկու հարվածների’’:

Ինչպես իրանցի փորձագետներն են ասում, այս տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները գտնվում են Իրանի հրթիռների կողմից հասանելիության շրջաններում: ‘’Իրանի դեմ որեւէ հարձակման դեպքում, հարձակման տակ կհայտնվեն ամերիկյան բոլոր բազաները միաժամանակ’’, ասում են իրանցի քաղաքական գործիչները:

Ինչ վերաբերում է ուրանը մինչեւ 20 տոկոսի չափով հարստացնելու մասին ընդունված որոշմանը, Իրանը այն բացատրում է ԱՄՆ-ի կողմից աճող սպառնալիքներով: Ինչպես գիտնականներն են ասում, 20 տոկոսով հարստացված ուրանից մինչեւ ատոմային զենք արտադրելու համար ուրանի անհրաժեշտ 90 տոկոսի հարստացումը մնում է միայն մեկ քայլ:

Այս մասին է իր մտահոգությունը հայտնում նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ում խոսքերով, Իրանի նպատակը միջուկային զենք արտադրելն է:

Իսրայելը միակ երկիրը չէ այս տարածաշրջանում, որին մտահոգում է այս հանգամանքը:

XS
SM
MD
LG