Մատչելի հղումներ

Թրամփը երեք ամսով երկարաձգում է վիզային սահմանափակումները


Կասեցվել է ներգաղթի և աշխատանքային վիզաների մի շարք կատեգորիաների տրամադրումը

Նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ներգաղթի և աշխատանքային վիզաների մի շարք կատեգորիաների ժամանակավոր արգելքը: Այսպիսով, Ջո Բայդենի նախագահության ստանձման պահին այս սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ մնալ:

Նոր նախագահի երդմնակալությունից 20 օր առաջ Թրամփը ստորչագրեց հրամանագիր եռամսյա ժամկետով երկարաձգելու վիզային սահմանափակումները, որոնք ներդրվել էին ապրիլին և ընդլայնվել հունիսին:

Սկզբում արգելքը տարածվում էր հավանական ներգաղթյալների որոշ կատեգորիաների վրա, այնուհետև այն սկսեց ազդել ժամանակավոր աշխատանքի մի քանի ծրագրերի վրա ևս:

Թրամփն ասել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսային համաճարակի պատճառով տնտեսական անկման պայմաններում աշխատատեղերի հասանելիությունը քաղաքացիների համար առաջնային դարձնելու նպատակով:

«COVID-19- ի ազդեցությունն ԱՄՆ աշխատաշուկայի և հասարակության առողջության վրա շարունակում է մտահոգիչ մնալ», - հինգշաբթի օրը հայտարարել է Թրամփը` անդրադառնալով գործազրկության մակարդակին, բիզնեսի վրա համաճարակի ունեցած ազդեցությանը և համավարակի աճող դեպքերին:

Թրամփի հրամանագրով պահպանվում է վիզաների վիճակախաղի ժամանակավոր արգելքը: Կասեցվել են նաև ԱՄՆ-ում աշխատելու որոշ ժամանակավոր վիզաների տեսակները, այդ թվում ` H-1B ծրագիրը, որը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի համար, և H-2B վիզաները՝ սեզոնային աշխատողների համար ոչ գյուղատնտեսական ոլորտներում:

Ժամանակավորապես չեն տրամադրվում նաև այլ տեսակի վիզաներ, ներառյալ J-1 սպասարկման ոլորտի համար, H-1B և H-2B վիզայի տեսակներ ունեցողների ամուսինների համար, ինչպես նաև կորպորատիվ L տեսակի վիզան՝ համապատասխան աշխատակիցներին ԱՄՆ տեղափոխելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG