Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափի ապագան` ԼՂ հարցում. համանախագահները տարածաշրջանում են


Ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն այցելել են Բաքու և Երևան, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպիսի՞ն է այսօր այս ձևաչափի փաստացի կարգավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և իր ամերիկացի գործընկեր Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին անցած շաբաթվա վերջում եկան տարածաշրջան՝ ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների ու արտգործնախարարների հետ հանդիպելու նպատակով:

Այս այցի մասին վերջերս ազդարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը: Դեռևս պարզ չեն ռուսաստանցի համանախագահի բացակայության պատճառները: Փոխարենը Ռուսաստանին Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում `Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Պատվիրակությունն առաջինն այցելեց Բաքու: Շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինքը չի հրավիրել համանախագահներին Բաքու, այցը նրանց նախաձեռնությունն է: Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում՛՛,- ընդգծել է Ալիևը: Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, դա որևէ արդյունքի չի հանգեցրել, հայտարարել է Ալիևը` նշելով, որ խնդիրն այսօր լուծված է, իսկ տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է:

Բաքու կատարած այցին հաջորդեց համանախագների այցը Երևան, ուր հանդիպում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան` ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար: Որպես առաջնահերթություն ՀՀ ղեկավարն ընդգծել է ԼՂ կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունն ու ԼՂ հայության անվտանգության հետ կապված մի շարք այլ հարցեր:

Հատկանշական է, որ չեղարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ըստ Ստեփանակերտի, հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ ոչ լիարժեք ձևաչափի պատճառով՝ հաշվի առնելով, որ ռուս համանախագահը չի մասնակցում տարածաշրջանային այցին։

Վերլուծաբան Մայքլ Ռուբինն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացի մի շարք դրույթներին: Մասնավորապես խաղաղապահ զորքերը ՄԽ պայմանավորվածության համաձայն չպետք է բաղկացած լինեին հարևան երկրներից կամ ՄԽ անդամներից: Դիտարկվում էր սկանդինավյան խաղաղապահների ներգրավման տարբերակը: Բացի այդ, ըստ Ռուբինի, տարածքներ խաղաղության դիմաց մոտեցումը ևս արդիական չէ:

՛՛Այն, ինչ Ալիևն ասաց Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հաղթանակի ներքո, նշանակում էր, որ նա հասել է այդ բոլոր շրջանների վերադարձին` առանց իրականում որևէ փոխզիջման գնալու կարգավիճակի կամ նույնիսկ կարգավիճակի շուրջ բանակցությունների հարցում՛՛,- ասում է Ռուբինը:

Այսօրվա իրավիճակը սահմանափակում է Փարիզի ու Վաշինգտոնի հնարավորություններն՝ ազդելու գործընթացի վրա, սակայն, ըստ Ռուբինի, հնարավոր է շտկել իրադրությունը, քանի որ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը հրադադար է, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր, որը պարունակում է բազմաթիվ անորոշություններ: Անհրաժեշտ է ուղակի արագ գործել՝ շեշտում է Ռուբինը:

՛՛Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է լինեն շատ նախաձեռնող: Հայաստանը՝ ևս ՝ հստակություն մցնելու այս տարբեր համաձայնագրերում՛՛,- նշում է նա:

Իր հերթին վերլուծաբան Ուլվի Իսմայիլը կանխատեսում է Մինսկի խմբի վերադարձը խաղաղ կարգավորման գործընթաց: Ռուսաստանին անհրաժեշտ է միջազգային այս ձևաչափը, ընդգծում է վերլուծաբանը՝ նշելով, որ գործընթացն այսօր ընթանում է փուլային ծրագրի տարբերակով: Նա նաև հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի մոտեցումն այս հացում, ըստ որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը ապագայի խնդիր է:

՛՛Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ կվերադառնա ասպարեզ, քանի որ միևնույն է անհրաժեշտ է կարգավորել խնդիրը՛՛,- ասել է Իսմայիլը:

Այցի վերջում ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ուր նշեցին, որ կողմերը ներկայացրել են իրավիճակի իրենց գնահատականներն ու գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատել են իրենց շարունակական հանձնառությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության հարցում՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խրախուսելու և առկա խնդիրները կարգավորելու համար: Համանախագահները նաև պարտավորվել են հանդիպումների ընթացքում հնչած մտքերի շուրջ հստակ առաջարկներ ներկայացնել կողմերին հետագա քննարկումների համար:

Հիշեցնենք, որ ըստ Վաշինգտոնի դիրքորոշման, ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում կողմերի միջև առարկայական բանակցությունների միջոցով՝ երկարատև ու համապարփակ համաձայնությանը հասնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG