Մատչելի հղումներ

Ազգային Ժողով՝ ներս և դուրս, քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը


Այն պահին, երբ հանրապետության վարչապետը Ազգային ժողովում մասնակցում էր պատգամավորների հետ հարց ու պատասխանին, խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաք էր՝ «Հայրենիքի փրկության շարժման», 17 կուսակցությունների նախաձեռնությամբ։

Ազգային ժողովի հարակից փողոցներում երթևեկությունը ընդհատված էր, բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանվել էին կարմիր քարտեր, որը նրանք պարզում էին «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ժամանակ։

Իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավորների դժվար հարցերին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նմանակելով Փաշինյանի հեղափոխության ժամանակ հնչեցրած խոսքերին, ասաց․ «ցավում եմ, որ դուք չեք գիտակցում, որ իրավիճակ է փոխվել, ինչպես դուք էիք սիրում ասել ժամանակին, և այն Հայաստանը, որտեղ դուք վարչապետ եք ընտրվել, այլևս չկա։ Միակ տարբերակը, որ մեր ժողովուրդը կարող է հույս ունենալ, դա այն է, որ դուք , որպես պարտության սիմվոլ, հեռանաք»։

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն, այնուամենայնիվ, պետք է ունենա ժողովուրդը։ Մենք առանձին վերցրած խմբերի ձայնը պետք է չշփոթենք ժողովրդի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով, թե իր հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ պնդում են իր վաղեմի քաղաքական ընդդիմախոսները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, թե վարչապետը շահարկում է ժողովրդի գործոնը և թվարկեց վարչապետի հրաժարականը պահանջող անձանց ու կառույցների անունները․ « Էդ մարդիկ ժողովրդի ոչ մի սեգմենտ չե՞ն ներկայացնում»,- հարցրեց նա։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետևյալն էր․ «Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեն պահանջում, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ։ Տեսե՛ք հիմա, Ձեր նշած քաղաքական ուժերը ինչ են առաջարկում․ առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն։ Ներողություն եմ խնդրում էս բառի համար, բայց ուրիշ բնորոշում չեմ գտնում։ Ինչո՞ւ։ Որովհետև առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, և որը չունի նույնիսկ հեռանկար արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի՝ ընդհանրապես։ Հետևաբար, այս պայմաններում, եթե տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը։ Իհարկե իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել, այդ կարգավիճակին են հասցրել։ Եվ այն մի տարվա ընթացքում, որի մասին ասվում ա, ի՞նչ է տեղի ունենալու։ Վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ»։

«Մենք ի վիճակի ենք և կազմակերպել ենք ազատ ըտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ իր անվստահությունն արտահայտելով՝ ազատ ընտրություններ անցկացնելու ընդդիմադիր ուժերի կարողության առումով։

Ազգային ժողովի շենքի մոտ հանրահավաքի ընթացքում ելույթներ էին հնչում հրաժարականի պահանջով, և գրեթե նույն պահին Վազգեն Մանուկյանն՝ ընդդիմադիրների վարչապետի միասնական թեկնածուն, շեշտում էր, որ սա քաղաքական պայքար չէ, խնդիրը իշխանափոխությունը չէ, նրա խոսքերով․ «սա ազգային պայքար է, 200 տարի առաջ էլ, հազար տարի առաջ էլ՝ նույնն էր, օտարի միջոցով կոտորվել է մեր պետությունը։ Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակելու են անել Հայաստանի հետ։ Մենք տարաշարջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը, 2,5 տարում էդ ամեն ինչը ոչնչացավ»։

Փաշինյանի գտնում է, որ իր հրաժարականը պահանջողների 90 տոկոսը այն մարդիկ են, որոնք պահանջում էին իր հրաժարականը դեռևս 2018-ի հեղափոխությունից ի վեր։ «Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայենք՝ պատերազմից առաջ, կտեսնենք, որ էդ կազմը ու ասելիքը չի փոխվել։ Բայց իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իմ պատասխանը հետևյալն է՝ ժողովրդին պրոցեսից դուրս թողնելու համար»։

XS
SM
MD
LG