Ազգային ժողովը փակ նիստում քննարկեց համայն մարդկությանն ուղղված ուղերձը, որը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Վերջինս, սակայն, դեմ էր հարցի քննարկման փակ ռեժիմին։ Ինչո՞ւ՝ փակ։ «Իմ քայլը» խմբակցության անդամները բացատրում էին, թե խնդիրը նուրբ է, զգայուն: Այն չպետք է ի լուր աշխարհի քննարկվի։ «Լուսավոր Հայաստանը» թաքցնելու ոչինչ չի տեսնում, և հերթական անգամ մեկը մյուսին մեղադրեցին քաղաքական շահարկման նպատակ ունենալու մեջ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց, որ եթե տապալելու ցանկություն ունենային, ապա կարող էին հարցի քննարկման համար քվորում չապահովել, մինչդեռ երեկ մինչև կեսգիշեր «Լուսավոր Հայաստան»-ի, արդարադատության փոխնախարարի և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասնակցությամբ քննարկել են միջազգային կառույցներին ուղղված հայտարարության տեքստը։
«Մենք գտնում ենք, որ փակ անելն ընդհանրապես անիմաստ է: Ինչ ելույթներ, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, և, հետևաբար, իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից», - նշեց Մարուքյանը:
Իսկ Գևորգ Գորգիսյանն ավելի սուր գնահատական հնչեցրեց․
«Հիմա փակելով այս ամեն ինչը՝ դուք հերթական անգամ փորձում եք ուղղակի վախեցնել մեր քաղաքացիներին: Նույն միֆերն եք տարածում, թե բա մենք մարդկանց կյանքերի համար ենք մտածում, մյուսները չեն մտածում: Հարգելինե՛րս, հերի՛ք է խաբեք մեր քաղաքացիներին, հերի՛ք է վախեցնեք մեր քաղաքացիներին ձեր ստերով»:
Ի վերջո, նիստն անցկացվեց փակ։ Ընդունված ուղերձն ամբողջությամբ տեղադրված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։ Դրանում մասնավորապես ասված է․
«․․․Ազգային Ժողովը դիմում է․ Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին եւ անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ կոչ է անում․
- հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.
- պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.
- պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական եւ քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ցանկացած այլ դրսեւորման մեջ.
- առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների եւ ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը
- գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը․․․»:
Օրն այսօր հագեցած էր գերիներին ազատ արձակելուն ուղղված քննարկումներով։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մի խումբ փաստաբանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակմանև աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։ Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։ Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Պաշտոնական լրատվության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
Իսկ Ազգային ժողովից ու կառավարությունից դուրս շարունակում էր հնչել վարչապետի հրաժարականի պահանջը՝ ամենատարբեր մակարդակներում։
Մեծ Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.Կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին անցնցում հրաժարական ներկայացնելու և Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրություն կազմակերպելու հորդորով։
«Հայաստանը կնմանի այսօր ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավու»,- շեշտել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելով. «Կոչ կուղղենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշե հրաժարիլ վարչապետությունեն»։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ուղերձ-կոչ է հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Պահանջը նույնն է՝ հնարավոր բախումներից և ներքաղաքական լարվածությունից խուսափելու համար վարչապետի հրաժարական ու սահմանադրական ճանապարհով նոր իշխանության ձևավորման գործընթաց։
«Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։
Այսօր նաև լրացավ ընդդիմության հայտարարած վերջնաժամետը, և կեսօրից մեկնարկեցին անհնազանդության ակցիաներ, որոնք տարբեր փողոցներում լարված իրավիճակ ստեղծեցին մինչև երեկոյան ժամը 5-ը։ Փողոցներ փակվեցին Երևանում ու այլ քաղաքներում, վեճեր, ընդհարումներ եղան հրաժարականի կողմ և դեմ քաղաքացիների միջև։ Ցուցարարները երեկոյան ժամը 5-ին անհնազանդության գործողություններն ընդհատեցին՝ պայմանով, որ վաղը նորից անհնազանդ են լինելու և իրենց գործողությունները սկսելու են Ազգային ժողովի հարակից փողոցներից։
Facebook Forum