Մատչելի հղումներ

COVID-19-ի շուրջ վերջին զարգացումներն աշխարհում


Մեծ Բրիտանիան առաջինը կկիրառի Pfizer / BioNTech պատվաստանյութը, Ռուսաստանն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարտադրի պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին, իսկ ԱՄՆ-ը հինգշաբթի օրը կքննարկի Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ օգտագործուման հարցը:

Մեծ Բրիտանիան պատրաստվում է դառնալ առաջին երկիրը, որն այս շաբաթ կսկսի կիրառել Pfizer / BioNTech COVID-19 պատվաստանյութը՝ դեղաբաժինը նախապես մատչելի դարձնելով հիվանդանոցներում:

Քրոյդոնի առողջության կենտրոնի գլխավոր դեղագործ Լուիզ Քաֆլանը ասել է, որ անհավատալի հպարտ զգացողություն է իմանալը, որ իրենք պատվաստանյութն առաջինն են ստացել:

Կիրակի օրը Մեծ Բրիտանիան ստացել է Pfizer / BioNTech պատվաստանյութի 800,000 չափաբաժին, որն առաջինն է գնված 40 միլիոնից:

Մեծ Բրիտանիան առաջին երկրն է, ով կկիրառի Pfizer / BioNTech-ի պատվաստանյութը, սակայն Ռուսաստանն արդեն անցել է տեղական արտադրության Sputnik V պատվաստանյութի զանգվածային ներարկման գործընթացին:

Ռուսական արտադրության պատվաստանյութը նախ հասանելի կդառնա բժիշկներին և այլ բուժաշխատողների, ապա` ուսուցիչներին և սոցիալական աշխատողներին:

Ուսուցիչները նման գրությամբ հեռախոսային հաղորդագրություն են ստանում. "Դուք աշխատում եք ուսումնական հաստատությունում և անվճար առաջնային գերակայություն ունեք COVID-19 պատվաստանյութի համար":

Նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հաջորդ շաբաթ սկսել համապետական կամավոր պատվաստումների ծրագիրը: Նրա խոսքերով, առաջիկա մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը կարտադրի պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին:

Միացյալ Նահանգներում հինգշաբթի օրը առողջապահության պատասխանատուները կհանդիպեն՝ քննարկելու Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ օգտագործուման հարցը: Մեկ շաբաթ անց կքննարկվի մեկ այլ պատվաստանյութ, որը մշակվել է ԱՄՆ-ում գործող Moderna ընկերության կողմից:

Առողջապահության և մարդկային ռեսուրսների նախարար Ալեքս Ազարը հայտնել է, որ եթե ԱՄՆ սննդի և դեղերի վարչության փորձագետների խումբը հաստատի Pfizer-ի պատվաստանյութը, ապա "մի քանի ժամվա ընթացքում բուժաշխատողները կկարողանան հիվանդներին ենթարկել պատվաստումների":

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել, որ բժշկական և շտապ օգնության աշխատակիցները, ինչպես նաև ծերանոցների աշխատակիցներն ու բնակիչները կստանան պատվաստանյութն առաջինը:

XS
SM
MD
LG