ԱՄՆ կառավարության զեկույցում ասվում է, որ "ուղղորդված, իմպուլսային ռադիոհաճախականության էներգիան" այն առեղծվածային հիվանդության հավանական պատճառն է, որը խոցել է աշխարհի շուրջ ԱՄՆ դեսպանություններում՝ ԱՄՆ դիվանագետներին և նրանց ընտանիքներին:
Գիտությունների, ճարտարագիտության և բժշկության ազգային ակադեմիաների հանձնաժողովը, որն ուսումնասիրություն է անցկացրել, ասել է, որ իմպուլսային ռադիոհաճախականությունը վնասվածքների "ամենահավանական պատճառն է": Զեկույցը հրապարակվել է շաբաթ օրը:
Տարօրինակ հիվանդության մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2016-ին՝ Կուբայում ամերիկյան դեսպանատնից: "Հավանայի սինդրոմ" անվանումը ստացած հիվանդության մասին ավելի ուշ հաղորդվել է Չինաստանում ամերիկյան դեսպանատանը և աշխարհի այլ ԱՄՆ դեսպանատներում:
Կոմիտեն ասում է, որ հիվանդությունը ներկայացնում էր ախտանիշների լայն շրջանակ, ինչպիսիք են` ընկալվող բարձր աղմուկը, ականջի ցավը, գլխի ուժեղ ճնշումը, գլխապտույտը, տեսողական խնդիրները և ճանաչողական դժվարությունները, և շատերը դեռ շարունակում են զգալ առողջության այս կամ այլ խնդիրներ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը շաբաթ օրը հայտարարության մեջ նշել է. "Մենք ուրախ ենք, որ այս զեկույցը հրապարակվել է և կարող է ավելացնել այն տվյալներն ու վերլուծությունները, որոնք կարող են օգնել մեզ վերջնական եզրակացություն տալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել":
Ուսումնասիրությունը չի նշում, թե ով է պատասխանատու հարձակումների համար: Դա դեռ մնում է առեղծված: