Մատչելի հղումներ

Հայաստանում Ղարաբաղի փախստականների շրջանում առողջապահական մտահոգիչ խնդիրներ են առաջացել. «HOPE» գլոբալ առողջապահական նախագիծ


Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի զինված բախումը ստիպել է մի քանի հազար մարդու, ովքեր տառապում են առողջական խնդիրներով, դուրս գալ տներից: Բազմաթիվ տեղահանված անձինք, ովքեր ապաստան են գտել Հայաստանի ժամանակավոր բնակավայրերում, տառապում են կյանքին սպառնացող առողջական խնդիրներով և չեն ստանում բավարար առողջապահական ծառայություններ: Այս մասին ասվում է «HOPE» ծրագրի ուսումնասիրության մեջ:

«HOPE»-ը գլոբալ առողջապահական և հումանիտար օգնության կազմակերպություն է, որը պարտավորվում է տեղական առողջապահական աշխատողների վերազինել ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու համար:

Կազմակերպության գնահատականը նաև ցույց է տալիս, որ առողջապահության խնդիրները տեղահանված բնակչության համար առաջնային են (հարցվածների 35%), որին հաջորդում են ֆինանսական խնդիրները (հարցվածների 22%):

«Պատերազմը կարող է ավարտված լինել, բայց իրենց տներից տեղահանված մի քանի հազար մարդկանց վրա ազդեցությունը շարունակվում է»,-ասել է HOPE-ի գործադիր փոխնախագահ Քրիս Սկոպեկը՝ ավելացնելով. «Կանայք, տղամարդիկ և երեխաները բռնությունից խուսափեցին՝ անվտանգության համար թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, բայց իրենց հետ տանելով նախկինում գոյություն ունեցող առողջական պայմանները, COVID-19-ի սպառնալիքը և անորոշ ապագայի վախը»:

Առողջական կարիքների գնահատումն իրականացվել է 2020 թ.-ի նոյեմբերին «HOPE»-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի կողմից Հայաստանի երկու բնակավայրերում՝ Արշալույսի (Արմավիրի մարզ) մանկապարտեզում և Մեղրաձորի (Կոտյակի մարզ) ամառային ճամբարում: Արմավիրի և Կոտյակի մարզերը գնահատման պահին հյուրընկալել էին համապատասխանաբար 15,000 և 18,000 տեղահանվածների: Վերջիններս ապաստան են գտել դատարկ հյուրանոցներում, ճամբարներում, ազատ շենքերում և հյուրընկալ ընտանիքներում:

Սրտանոթային հիվանդությունները տեղահանված անձանց առողջության գերխնդիրն են (հարցվածների 39%), որին հաջորդում են հոգեկան խնդիրները, երիկամների հիվանդությունները և շաքարախտը:

41-ամյա Անուշը նախկինում եղել է դպրոցական հոգեբան: Պատերազմը սկսվելուց հետո նա լքեց իր տունը և գտնվում էր Մեղրաձորի ամառային ճամբարում: «Կարծում եմ՝ բոլորս էլ առողջության հետ կապված խնդիրներ ունենք, անկախ տարիքից: Ես տեսնում եմ, որ իմ շրջապատում շատ մարդիկ տուժում են այս հակամարտությունից, ինչպես մտավոր սռումով, այնպես էլ՝ ֆիզիկապես: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում առողջ էին, այժմ բողոքում են նոր հիվանդությունից», -ասել է նա:

Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային տեղահանումն ազդել է առողջապահական հաստատությունների կարողությունների վրա, որոնք արդեն սպառվել են COVID-19 համաճարակի պատճառով: Ժամանակավոր բնակավայրերի կլինիկաներում մատուցվող առողջապահական ծառայությունները բավարար չեն: Գնահատումը ցույց է տալիս, որ տեղահանվածներից ոմանք ստիպված էին թանկարժեք դեղեր գնել շարունակական բուժման համար կյանքին սպառնացող քրոնիկական հիվանդությունների դեպքերում, ինչպիսիք են հիպերտոնիան և շաքարախտը: Հղի կանանց վերարտադրողական առողջության պահպանությունը մատչելի է միայն շատ հիմնական մակարդակում: Ժամանակավոր բնակավայրի վերածված մանկապարտեզում չկար մանկաբարձության դասընթացներ ստացած բժիշկ կամ բուժքույր:

Տեղահանված անձանց խորհրդատվություն և բուժում տրամադրելու հետ կապված ծանրաբեռնվածության կտրուկ աճը նաև ստեղծել է անձնակազմի խիստ պակաս: 1100 բնակչի համար Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կար միայն մեկ բժիշկ: Ըստ գնահատման, այսօր նույն բժիշկը արձագանքում է նաև 2500 տեղահանվածների բժշկական կարիքներին: «Ես ամբողջ օր ու գիշեր վազում եմ փախստականների մի տեղից մյուսը՝ ուժասպառ լինելով», - «HOPE»- ի թիմի հետ զրույցումա ասել է բժիշկը:

«Առանց որևէ հարցի, շտապ առողջապահական օգնություն տրամադրելը պետք է լինի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված բնակչության մարդասիրական արձագանքի գերխնդիրը», -ասել է Սկոպեկը՝ ավելացնելով. «Հիշենք նաև, որ կյանքին սպառնացող խնդիրներով տեղահանված անձինք COVID-19 վարակվելու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Պետք է համոզվել, որ նրանք ունեն մաքուր ջուր, օճառ և շատ կարևոր առաջին անհրաժեշտության պարագաներ»:

«HOPE» նախագիծը Հայաստանի առողջապահության նախարարությանը նվիրեց 30 Առողջապահական անհրաժեշտ փաթեթներ: Դրանց մեջ կան դեղեր, որոնք անհրաժեշտ են առաջնային առողջապահական խնամքի օժանդակման համար, ինչպիսիք են հակաբիոտիկները, ցավազրկողները, հակաբորբոքային նյութերը և այլն:

XS
SM
MD
LG