Մատչելի հղումներ

Բերձորի ճամփան. հայերը լքում են, ադրբեջանցիները՝ պլանավորում վերադառնալ


Ձյունածածկ Բերձորի ճանապարհով, փայտը ձեռքին Ասյա Պետրոսյանը կովերի հոտ քշում է դեպի Գորիս՝ անցնելով ավելի քան 55 կիլոմետր: Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող վերջին ճանապարհը ծանրաբեռնված է: Հայերը շտապում են ազատել բնակավայրը, ադրբեջանական ուժերը պատրաստվում են իրենց վերահսկողությունը սահմանել այս շրջանում:
«Մենք նախկինում ապրում էինք այստեղ, բայց այն վերադարձվում է (ադրբեջանցիներին), դրա համար մենք հեռանում ենք: Սա մեր կյանքն է»,-«AFP» գործակալության հետ զրույցում ասել է նա:

Մինչ կովերը կանցնեն 55 կիլոմետր, տերերը երկու հորթերին խնամքով տեղավորել են մեքենայի մեջ և հեռանում են հարազատ տնից:

«Հորթերին ենք տանում, մեկ էլ մեր դոշակները, որ ճանապարհին նորից քնենք, մինչև հասնենք Գորիս», «Մենակ կովերին ենք տանում, մնացած ամեն ինչ թողել ենք», «Փայտ ենք տանում, որ ձմեռը վառենք, տան անդամները Երևանում են, երեխեքը Գորիսում են»,-պատմում են գաղթի ճանապարհն ընկած բնակիչները:

Բերձորը Աղդամից և Քարվաճառիցհետո երեք շրջաններից վերջինն է, որը Հայաստանը հանձնում է Ադրբեջանին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրով:
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում ողջ շրջանը,բացառությամբ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի սահմանակից մի քանի տարածքների:

Բերձորի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, ով դեռ իր աշխատասենյակում է, ասել է, որ իր տեղեկություններով որոշ բնակավայրերում ապրող հայերին թույլատրվելու է մնալ:
«Մենք պաշտոնական տեղեկություն ենք ստացել, որ Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական կմնան: «Այստեղ Ադրբեջանի իշխանություններ չեն լինի: Դա պարզ է: Բայյց այս պահին ես չեմ կարողասել, թե ինչ կլինի հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է նա:

Հայկական դատարկվող բնակավայրերին զուգահեռ Ստեփանակերտ են շարունակում վերադառնալ պատերազմի ժամանակ տները լքած հայերը:

Վերադառնում են, սակայն,ավերված տներ և անորոշ ապագա:
Ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, ըստ պաշտոնական տվյալների,շուրջ 20,000 մարդ վերադարձել է:
Նրանցից շատերը, սակայն, պատերազմի հետևանքովկորցրել են ամեն ինչ:
«Շուշիից ենք, երեք սենյականոց բնակարանը թողել ենք, հիմա հյուրանոցում ենք, ոչինչ չունենք, շատ անորոշ վիճակում ենք», «Դժվար է փախստական լինելը, հատկապես երբ երեխաներ ունես և կողքիդ մարդ չկա»,-պատմել են Ստեփանակերտում ժամանակավոր ապաստանած Սարգսյանների ընտանիքի անդամները:

Ստեփանակերտում մի քանի հյուրանոցներ տեղահանվածների են հյուրընկալել: Քաղաքում ամեն օր հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում Կարմիր խաչի բաժանած օգնությունը ստանալու համար:

Իսկ մեկ այլ՝ ավելի երջանիկ իրականության մեջ 26 տարի առաջ Քարվաճառի շրջանից տեղահանված ադրբեջանցիները թերթում են իրենց հիշողությունների ալբոմները, պլանավորում վերադարձը:

71-ամյա մանկաբույժ Ֆազիլ Մելիքովը և նրա կինը՝ 70-ամյա Շոլե Իբրահիմովան արտագաղթից ի վեր ապրում են Ադրբեջանի Գյանջայում՝ Քելբաջար անունը ստացած փողոցում: Այժմ ուզում են վերադառնալ:
Իբրահիմովան՝ Մելիքովի կինը, ասել է. «Ես ուզում եմ այցելել գերեզմանատուն: Այնտեղ հանգչում է մայրս: Ես չգիտեմ` գերեզմանը դեռ կանգնած է այնտեղ, բայց ես ուզում եմ գնալ և տեսնել: Ես ուզում եմ այցելել նրան»:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը: Նրանք արդեն սկսել են ականազերծման աշխատանքներ իրականացնել այնտեղ:

XS
SM
MD
LG