Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիա – Եվրամիություն հակասությունները չեն մարում


Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության միջեւ երկկողմ առեւտրի տարեկան ծավալը կազմում է 885 միլիարդ դոլար: Ձկնարդյունաբերությունը կազմում է առեւտրի ծավալի կես տոկոսից էլ քիչ: Սակայն հենց այս ճյուղում առկա խնդիրներն են հարուցում մեծ դժվարություններ:

Լոնդոնը հայտարարում է, թե ուզում է իր վերահսկողությունը սահմանել իր ջրային տարածքների վրա եւ արգելել օտար նավերի մուտքն այնտեղ: Մի բան, որը կհյուծեր Եվրոպայի ձկնորսությունը:

Ինչպես Բելգիայի ձկնորսներն են ասում, եթե իրենց չտրվի անգլիական ջրերում ձկնորսություն իրականացնելու իրավունք, չեն կարողանա այն իրականացնել նաեւ Բելգիային պատկանող ջրերում, քանի որ այնտեղ ութսուն տոկոսով կրճատվել է այս ճյուղը:

Ուրեմն կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիան ունի խոսքի ավելի մեծ ազատություն այս հարցում: Սակայն դա այդպես չէ, քանի որ բրիտանական ջրերում որսված ձուկը Եվրոպա արտահանելու դեպքում դրվում են բարձր սակագներ: Իսկ այն հարվածում է բրիտանացի ձկնորսներին:

Այնպես որ հարկավոր են բանակցություններ ու համաձայնություն: Եվ կողմերը կարծում են, որ հարցի լուծման համար բանակցություններում ելք կգտնվի եկող մի քանի օրերին: Սակայն այդ դեպքում անգամ Մեծ Բրիտանիան պիտի դուրս գա Եվրամիության ընդհանուր շուկայից եւ մաքսային միությունից:

Պետք է ասել նաեւ, որ վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հայտնվել է քաղաքական խառնաշփոթի մեջ. Վերջերս նրան լքեցին իր երկու քաղաքական խորհրդականները: Հանգիստ վիճակ չէ նաեւ Եվրամիությունում, որտեղ Հունգարիան ու Լեհաստանը վետոյի են ենթարկել դաշինքի տարեկան բյուջեն եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսվող 888 միլիարդ դոլարի փաթեթը:

Լոնդոն – Բրյուսել հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

XS
SM
MD
LG